Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի զորամիավորումները կմտնե՞ն Ղրղըզստան


Ուզբեկ փախստականները ղրղըզ - ուզբեկական սահմանին, 14-ը հունիսի, 2010թ.

Ուզբեկ փախստականները ղրղըզ - ուզբեկական սահմանին, 14-ը հունիսի, 2010թ.

Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, ով գահընկեց արվելուց հետո ապաստանել է Մինսկում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Ղրղըզստան խաղաղապահների զորախմբեր ուղարկելու կոչ է արել։ Բակիեւի համոզմամբ` դա անհրաժեշտ է իրավիճակը երկրում կայունացնելու համար։

Ղրղըզստանի անցումային կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան նույնպես խաղաղապահներ է խնդրել Ռուսաստանից, սակայն պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ չի կարող միակողմանի որոշումներ կայացնել։

Մինչդեռ, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ «կազմակերպությունն ունի նման իրավիճակներում գործելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները, սակայն կա առավել մանրամասն քննարկումների կարիք»։

ՀԱՊԿ-ի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։ Եթե նման որոշում ընդունվի, ապա հայ զինծառայողները նույնպես կարող են հայտնվել Ղրղըզստանում, ինչը նախապես պետք է ստանա Ազգային ժողովի հավանությունը։

Երկուշաբթի երեկոյան հրապարակված տվյալների համաձայն` Ղրղըզստանի հարավային շրջաններում` Օշում եւ Ջալալաբադում, ղրղըզների եւ տեղացի ուզբեկների միջեւ ազգամիջյան բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 124 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 1600-ը։

Ղրղըզստանից հարեւան Ուզբեկստան փախուստի դիմած ուզբեկների թիվը 75 հազար է։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսն ասել է, որ Ուզբեկստանի կառավարության հետ ձեռք է բերվել համաձայնություն Ուզբեկստանում ապաստանած փախստականներին օգնություն ցույց տալու մասին, փախստականների մեծ մասը կանայք եւ երեխաներ են։

Ուզբեկները պնդում են, որ ղրղըզական բանակի համազգեստով խմբեր հարավային շրջաններում կրակ են բացել ուզբեկների վրա։ Ղրղըզստանի ժամանակավոր վարչակազմի պաշտպանության նախարար Իսմայիլ Իսակովը կեղծիք եւ սադրանք է անվանել այդօրինակ մեղադրանքները։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել ղրղըզներին անհապաղ դադարեցնել բախումները։

Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնը նույնպես մտահոգություն է հայտնել։

«Հարկ է վերականգնել կարգուկանոնը, իրավիճակը չափազանց բարդ եւ վտանգավոր է այնտեղ», - հայտարարել է Էշթոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG