Մատչելիության հղումներ

Կիեւի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը, լեգենդների համաձայն, համարվում է Ուկրաինայի եւ Կիեւի պահապանը, պատրաստվում է հաջորդ տարի նշել հիմնադրման 1000-ամյակը։

Թեեւ անցյալում գիտնականները պնդում էին, որ եկեղեցին կառուցվել է 1037 թվականին, այդուամենայնիվ, վերջին ուսումնասիրությունները եւ եկեղեցու պատերին արված փորագրությունները ապացուցում են, որ կառույցը շատ ավելի հին է։ Ընդ որում, գրաքարերի մի մասը հայերեն է եւ գտնվում է ավագ խորանից աջ` սուրբ Անտոնիայի եւ Թեոդոսիայի խորանում։

Ինչպես փոխանցում է Ուկրաինայում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, մինչ օրս խորանում հայտնաբերվել է ավելի քան երկու տասնյակ հայերեն արձանագրություն, որոնք տեղեկություններ են հաղորդում Ուկրաինայում դարեր առաջ հաստատված հայկական համայնքի երեւելի ներկայացուցիչների` զինվորականների ու առեւտրականների վերաբերյալ։

«Հայկական 24 փորագրությունները հայտնաբերվել են դեռեւս 1970-ական թվականներին։ Դրանք ուսումնասիրելու նպատակով Երեւանից գիտնականներ են հրավիրվել, որոնցից մեկը` Գրիգոր Գրիգորյանը, հետագայում հայերեն փորագրությունների վերաբերյալ գիրք է հրատարակել», - ասում է տաճարում հետազոտություններ իրականացնող գիտաշխատողներից մեկը` Վյաչեսլավ Կորնիենկոն եւ հավելում. - «Ի տարբերություն խորհրդային ժամանակների, այժմ փորագրությունները ուսումնասիրվում են մի փոքր այլ մեթոդներով, ինչը հնարավորություն է տալիս նոր մանրամասներ հայտնաբերել դրանց վերաբերյալ»։

Գիտնականի խոսքով, հայկական փորագրությունները կատարվել են հիմնականում տաճարի հարավային թեւում` ավագ խորանից աջ գտնվող տարածքում, 16-17-րդ դարերում։ «Հայկական արձանագրությունների առատությունը այս խորանում գիտնականներին թույլ է տալիս եզրակացնել, որ հայկական համայնքը Կիեւում սեփական եկեղեցին կառուցելուց առաջ այստեղ է կատարել հիմնական եկեղեցական արարողությունները», - ասում է Վյաչեսլավ Կորնիենկոն։

Ընդ որում, գիտնականները պնդում են, որ հայերը ժամանակին ակտիվ մասնակցություն են ունեցել Կիեւի հոգեւոր կյանքում. բանն այն է, որ Անտոնիայի եւ Թեոդոսիայի խորանը գտնվում է տաճարի կենտրոնական հատվածներից մեկում եւ ամենամարդաշատ վայրերից մեկն է համարվում: «Հայերը հաստատ վայելել են տեղացիների հարգանքը, եթե կարողացել են այդ խորանը ստանալ` սեփական եկեղեցական արարողությունները անցկացնելու համար», - ասում են գիտնականները։

Ներկայումս Սուրբ Սոֆիայի տաճարը համարվում է համաշխարհային նշանակություն ունեցող կոթող եւ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։
XS
SM
MD
LG