Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսի 15-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մեր քաղաքացիներն էլ են դեռ տաք` մեծ մասը չի մտածում, թե ինչպես է առաջիկա ձմռան ամիսներին գազի համար վճարելու 40 տոկոսով ավելի շատ, քան անցած տարի: Քաղաքական ուժերին, դա, կարծես թե, մտահոգում է: Հայ ազգային կոնգրեսը դիմել է Վարչական դատարան` վիճարկելով գազի գների բարձրացումը: Որեւէ կասկած չունեմ, թե ինչ ճակատագիր կունենա այս հայցը: Իսկ մինչ Վարչական դատարանում շարունակվում է եւ, թերեւս, մի քանի ամիս էլ կշարունակվի ՀԱԿ-ի հայցի հետ կապված բյուրոկրատական քաշքշուկը, Դաշնակցությունն էլ իր հերթին կառավարությանն էր դիմել նմանատիպ հարցապնդումներով: Կառավարությանն այդ հարցերը դուր չեկան. «Մի շեղեք մեզ կարեւոր պետական գործերից», - այդպիսին էր մոտավորապես պատասխանը, - «մենք այստեղ մաքառում ենք, որ Գյումրին դառնա տեխնոքաղաք, իսկ Դիլիջանը վերածվի տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի, ինչպես նաեւ` հաղթահարելով պահպանողական շրջանակների դիմադրությունը, ներմուծում ենք միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն: Իսկ դուք մեջ եք ընկնում էժանագին պոպուլիզմով` ինչ-որ մարդկանց հոգսեր, ինչ-որ գազի սակագներ, ձմռանը տաքանալու խնդիր եւ այլ մանր-մունր հարցեր»:

«Հրապարակ»-ի խմբագիրը, քննարկելով նախորդ օրվա «տաք» լուրերը, գրում է. - «Երեկվա լրահոսում կար մի լուր, որն ուղղակի ինձ ցնցեց. Երեւանի նախկին ճարտարապետ, Քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ (տիտղոսների ինչ առատություն) Նարեկ Սարգսյանին Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքի համար երկրորդ աստիճանի շքանշան հանձնելու մասին լուրն էր: Շքանշանն այսօր են հանձնելու` հանդիսավոր պայմաններում: Հաղորդագրության մեջ նշված չէր, թե ինչի համար: Մեզ մնում է գուշակել` գուցե Երեւանի կենտրոնը հիմնովի փչացնելո՞ւ կամ ծառածածկ հատվածը հիմնահատակ կրճատելո՞ւ, իսկ գուցե Երեւանը քարակերտի վերածելու կամ թամանյանական գաղափարները հիմնովին վարկաբեկելո՞ւ համար: Դժվար է ասել: Առավել դժվար է ասել, թե Ֆրանսիան ինչ կապ ունի Նարեկ Սարգսյանի եւ նրա մարդատյաց ճարտարապետության հետ»:

lragir.am-ը գրում է. - «ՀՀ գլխավոր դատախազությունում նախօրեին ստորագրվեց համագործակցության հուշագիր` ՀՀ դատախազության եւ Հանրային ցանց միավորման միջեւ, որում կամավոր սկզբունքներով միավորվել են ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Գլխավոր դատախազությունը: Թե որոնք են նշված 100 հասարակական կազմակերպությունները, երբ եւ ինչ հանգամանքներում են ցուցաբերել մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նկատմամբ իրենց անվերապահ աջակցությունը` մնում է միայն գուշակել: Համենայնդեպս` ի պաշտպանություն վերջերս ձերբակալված լրագրող Անի Գեւորգյանի, երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի կազմակերպված ակցիաների ժամանակ այդ 100-ից գեթ մեկը չերեւաց: Ինչ-որ չենք հիշում նաեւ, որ այդ կազմակերպությունները մասնակցեին քաղբանտարկյալների ազատության համար երկու տարուց ավելի ամեն ուրբաթ օր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց կազմակերպվող ակցիաներին, քաղբանտարկյալների դատավարություններին: Այդ «բեռը» հավանաբար շատ ծանր է թվացել նրանց փուխր ուսերի համար, եւ այն թողել են երիտասարդ ակտիվիստներին ու քչաթիվ քաղաքացիական գիտակցություն ունեցող անձանց»:

«Կապիտալ»-ը տեղեկացնում է. - «Հայաստանում արդեն սկսվել է ծիրանի բերքահավաքի եւ արտահանման գործընթացը: Չնայած մարտի 1-ից գործում է ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» մաքսային անցակետը, սակայն ներկայում հայ գործարարները ստիպված են ինքնաթիռով արտահանել ծիրանը, քանի որ բերքահավաքը նոր է սկսվում, եւ ծավալները բավարար չեն արտահանումը ցամաքային տրանսպորտով իրականացնելու համար։ Ակնկալվում է, որ այս տարի ծիրանի արտահանումն ավելի քիչ կլինի, քան անցյալ տարի, քանի որ անբարենպաստ եղանակի պատճառով սպասվում է 40%-ով պակաս բերք, ընդհանուր առմամբ` մինչև 40 հազ. տոննա»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը մեկնաբանում է Ադրբեջանի ռազմական դոկտրինը. - «Չկա եւս մեկ պետություն, որի ռազմական դոկտրինում ամրագրված է խնդիրներ լուծելու պատերազմական ճանապարհը։ Ադրբեջանն առաջինն ու միակն է այս առումով։ Հետեւաբար ողջ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանն ինքնին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար։ Նույնքան անհրաժեշտ է, որ այդ հետեւությունը նաեւ մենք կատարենք։ Իսկ ադրբեջանական շանտաժի վերջին արդյունքը ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի այցն էր Բաքու։ Առ այսօր գերտերությունների այս մակարդակի բարձրաստիճան պաշտոնյաները միշտ պահպանել էին հավասարակշռությունը եւ տարածաշրջան այց կատարելու ընթացքում եղել էին թե' Հայաստանում, թե' Ադրբեջանում։ Այս անգամ հավասարակշռությունը խախտվեց, եւ ԱՄՆ ռազմական գերատեսչության քաղաքական ներկայացուցիչները տեղի տվեցին ադրբեջանական շանտաժին»։«168 ժամ»-ը մեջբերում է մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանի խոսքերը. - «Մեր դպրոցներն այսօր հիվանդ են: Սկսենք նրանից, որ դրանք դարձել են քաղաքականացված օբյեկտներ, ընտրությունից ընտրություն ինչ-որ ֆունկցիա կատարելու համար: Այսինքն` ընտրությունը «հաջողությամբ» պսակելու համար: Դպրոցը դարձել է նոր գործառույթի տեր, տնօրեններն ընդունվում են, նշանակվում են համաձայն այդ գործառույթի, այսինքն` կուսակցականացված է դպրոցը»: «Ըստ նրա, դպրոցները, բացի քաղաքականացված լինելուց, նաեւ կոռումպացված են, ինչի վրա նույնպես իշխանություններն աչք են փակում, եթե դպրոցները «հաջողությամբ մասնակցում են ընտրակեղծիքներին», - նախկին փոխնախարարի տեսակետն է փոխանցում «168 ժամ»-ը:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG