Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ակտիվիստները «հրավիրվել» են ոստիկանություն


Մանկական խաղահրապարակ Ազատության հրապարակում: 14-ը հունիսի, 2010 թ.
Մանկական խաղահրապարակ Ազատության հրապարակում: 14-ը հունիսի, 2010 թ.

Երկուշաբթի օրը Ոստիկանության Երեւանի Կենտրոն վարչական շրջանի բաժին են հրավիրվել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երեք ակտիվիստներ` մայիսի 31-ին Ազատության հրապարակում տեղի ունեցածի կապակցությամբ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը,ՀԱԿ-ի երիտասարդական թեւի ակտիվիստներ Վահագն Գեւորգյանը եւ Սերգեյ Գասպարյանը հրավիրվել են ոստիկանություն, քանի որ նրանց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

Հրավիրված ընդդիմադիրները հրաժարվել են բացատրություն տալ:

Վլադիմիր Կարապետյանին, օրինակ, առաջարկվել է բացատրություն տալ մայիսի 31-ին իրեն վերագրվող ապօրինի կոչեր անելու, հանրահավաքի կամ ապօրինի զանգվածային միջոցառում անցկացնելու վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ:

«Զանգվածային միջոցառման մասին խոսք լինել չի կարող», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կարապետյանը` շարունակելով. - «Որեւէ կոչ չէի անում»:

Նա հայտարարեց, որ որեւէ բացատրություն չի տա, քանի դեռ մայիսի 29-ին եւ հաջորդած օրերին Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած գործողություններին չի տրվել իրավական գնահատական: Այդ դեպքերի կապակցության նրա հաղորդումները Գլխավոր դատախազություն անպատասխան են մնացել:

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներ Վահագն Գեւորգյանը եւ Սերգեյ Գասպարյանը նույնպես հրաժարվել են բացատրություն տալուց: Նրանց մեղադրում են, թե հայհոյել են ոստիկաններին, մինչդեռ երիտասարդները պնդում են, որ չեն հայհոյել:

18-ամյա Վահագն Գեւորգյանը անցած տարի քրեական պատասխանատվության (մեկ տարվա ազատազրկման) էր ենթարկվել Հյուսիսային պողոտայում իրավապահների հետ բախման արդյունքում, սակայն ավելի ուշ նրա նկատմամբ համաներում էր կիրառվել:

Մինչդեռ, Քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների պաշտպանության կոմիտեն որոշել է հունիսի 18-ին անցկացնել ծրագրված բողոքի ցույցը, թեեւ քաղաքապետարանը չի արտոնել միջոցառումը:

«Ակցիա է լինելու` քաղբանտարկյալների պաշտպանության, կարճատեւ նստացույց , որը օրենքով թույլատրելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` հավելելով. - «Մեր նպատակը չէ բոլորովին բախման գնալը: Մեր նպատակը մեր սահմանադրական իրավունքը իրացնելն է եւ քաղբանտարկյալների իրավունքը պաշտպանելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG