Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը վերահաստատում է Հարավային Կովկասի երկրների հետ կապերը սերտացնելու պատրաստակամությունը


Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի օրը Լյուսքեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ հատուկ փաստաթուղթ են ընդունել Հարավկովկասյան երեք երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ, որտեղ ընդգծել են տարածաշրջանի հետ կապերը ամրապնդելու եւ սերտացնելու` Բրյուսելի պատրաստակամությունը։

«Եվրամիությունը սպասում է Հարավային Կովկասի երեք երկրների հետ Ընկերակցային համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցություններին, որոնք պետք է մեկնարկեն արդեն մեկ ամիս անց՝ այս տարվա հուլիսին», - փաստել են կառույցի 27 անդամ երկրների արտգործնախարարներն ու ընդգծել, որ այդ համաձայնագրերը «հնարավորություն կտան ամրապնդել քաղաքական կապերը, ինչպես նաեւ` ապահովել տարածաշրջանի երկրների ինտեգրումը եվրոպական շուկաներ՝ ստեղծելով խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիներ»։

Միեւնույն ժամանակ, Եվրամիության խորհուրդը հերթական անգամ ընդգծել է, որ հարաբերությունների այդ՝ առավել սերտ աստիճանին հասնելու համար հարավկովկասյան երկրները պետք է բարեփոխումներ իրականացնեն «ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ու լավ կառավարման ոլորտներում»:

«Գործընկեր երկրների ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաեւ հավատարմությունը այս արժեքներին էական նշանակություն կունենան համաձայնագրերի կնքման եւ դրանց հաջող իրագործման համար», – հայտարարել են Եվրամիության արտգործնախարարները։

Փաստաթղթում արտգործնախարարները նաեւ ընդգծել են, որ չեն հրաժարվում Հարավային Կովկասի քաղաքացիների համար Եվրոպա մուտք գործելու պայմանները դյուրացնելու խոստումից։

«Եվրամիությունը մնում է պատրաստակամ անցագրային ռեժիմի մեղմացման շուրջ Հարավային Կովկասի եւ արեւելյան մյուս գործընկեր երկրների հետ համաձայնագրեր կնքելու հարցում», -ասված է փաստաթղթում: - «Երբ այս համաձայնագրերը ստորագրվեն եւ հաջողությամբ կյանքի կոչվեն, Եվրամիությունը, երկարաժամկետ ծրագրի շրջանակներում, պատրաստ է նաեւ աստիճանաբար քայլեր ձեռնարկել վիզաները վերացնելու եւ անվտանգ ու վերակսհելի տեղաշարժ ապահովելու ուղղությամբ»։

Փաստաթղթում Եվրամիության արտգործնախարարները նաեւ անդրադարձել են տարածաշրջանում առկա սառեցված հակամարտություններին՝ ընդգծելով, որ դրանք ոչ միայն խոչընդոտում են այս երկրների քաղաքական ու տնտեսական զարգացումը, այլեւ` տարածաշրջանային համագործակցությունն ու եվրոպական մայրցամաքի կայունությունը. - «Այս համատեքստում Եվրամիության նախարարների խորհուրդը վերահաստատում է այդ հակամարտությունների խաղաղ եւ երկարատեւ կարգավորմանը աջակցելու իր պատրաստակամությունը եւ կոչ է անում բոլոր կողմերին ամբողջովին հավատարիմ մնալ այս գործընթացին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG