Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կողմ է, որ երկրում լինեն արտահերթ ընտրություններ


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ստեփան Սաֆարյան:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ստեփան Սաֆարյան:

Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհանիսյանի հիմնադրած ու այժմ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը կողմ է, որ երկրում լինել արտահերթ ընտրություններ, թեեւ չի կարծում, թե այս պահին դրանք հնարավոր են:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պնդում է, թե արտահերթ ընտրություններն անխուսափելի են` «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ասաց, թե ՀԱԿ-ին այդ հարցում իրենք կարող են «ընդամենը հաջողություն մաղթել»:

«Միանշանակ «ժառանգություն»-ը եւս կողմ է արտահերթ ընտրությունների: Խոսքը, սակայն, այն մասին է, թե արդյո՞ք մենք այս պահին տեսնում ենք արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ: Պրոցես` որպես այդպիսին, որ կբերի արտահերթ ընտրությունների, այս պահին ես չեմ տեսնում:», - ասաց Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հարցին, թե ինչո՞ւ է «Ժառանգություն»-ը արտահերթ ընտրությունների հարցում ընդամենը «հաջողություն մաղթում» ՀԱԿ-ին, պատասխանեց, որ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» մոտեցումների միջեւ կա «մեծ տարբերություն», որն արտահայտվում է թե' ազգային եւ թե' ներքին խնդիրներում:

Սաֆարյանի ճշտմամբ` խոսքը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Բացի այդ, ըստ Ստեփան Սաֆարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը, մյուս ընդդիմադիր ուժերը մերժեցին «Կլոր սեղան» ձեւավորելու «Ժառանգության» առաջարկը, որը «երկրում լուրջ փոփոխություններ սկսելու քայլ էր»:

«Բայց քանի որ դա մերժվեց, այո, այսօր մեզ մնում է միայն հաջողություն մաղթել [ՀԱԿ-ին] այդ նպատակներին հասնելու համար», - ասաց նա:

Ասուլիսի ընթացքում Մարտիրոսյանն ու Սաֆարյանը հերքեցին շրջանառվող լուրերը, թե հուլիսի 10-ին կայանալիք կուսակցության համագումարում նախագահ կարող է ընտրվել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
XS
SM
MD
LG