Մատչելիության հղումներ

Նախարարությունը թույլ չի տալիս «թռիչքով» դպրոցն ավարտել


Ավագ դպրոցի 3 տարվա ծրագիրը հնարավոր չէ սովորել մեկ տարում. այս հիմնավորմամբ` նախարար Աշոտյանի հրամանով «էքստերն» թռիչքները ավագ դպրոցում արգելվեցին: Այդուհանդերձ, մոտ 3500 աշակերտ, դպրոցը 2 տարի շուտ ավարտելու ցանկությամբ եւ խուսափելով 12 ամյա կրթությունից, դիմել է ամենատարբեր հնարքների:

ԿԳ Կրթության պետական տեսչությունը ողջ ուսումնական տարին հետեւել է ավագ դպրոցներում աշակերտների շարժին, ուսումնասիրել անգամ դասամատյանների գրառումները. - «Ստուգումների ընթացքում թռիչքների մի շարք դեպքեր են արձանագրվել, բայց հետագայում այդ 3500-ի մի մասը հետ են գնացել իրենց դպրոցներ», - պատմեց տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը:

Կրթության տեսչության տվյալներով` «թռիչքով» ավարտած որոշ շրջանավարտներ արհեստագործական ուսումնարաններ ու քոլեջներ են գնացել: Բայց առնվազն 39 աշակերտի հաջողվել է հայտագրվել միասնական քննությունների համար, անգամ նրանցից մեկը մի քննություն հանձնել էր, եւ միայն երկրորդի ժամանակ դուրս հրավիրվեց քննասենյակից: «Այս թիվը դեռ կարող է աճել», - կարծում է Կրթության պետական տեսչության պետը:

Ընդհանուր առմամբ 81 հազար աշակերտական փաստաթղթեր են ստուգվել, 53 գործ արդեն ուղարկվել է դատախազություն: Բացահայտված բոլոր դեպքերում էլ դեռ որեւէ դպրոցի տնօրեն չի պատժվել. նախարարության հնչեցրած բոլոր սպառնալիքները, թե «սա օրենքի կոպիտ խախտում է, եւ տնօրենները ենթարկվելու են խստագույն պատժի», դեռ մնում է օդում:

«Նախարարը հետեւողական ու սկզբունքային է այդ հարցում եւ խոստացել է պատժել մեղավորներին», - պնդում են նախարարության ներկայացուցիչները:

«Թռիչքով» ավարտած աշակերտներին հնարավորություն է տրվելու վերադառնալ դպրոց, շարունակել կրթությունը այն դասարանից, որը փորձել էին շրջանցել: Անգամ եթե կլինեն դեպքեր, որ աշակերտները կկարողանան հանձնել միասնական քննություններ, տեսչությունում խոստանում են, որ, միեւնույն է, բուհ ընդունվել նրանց չի հաջողվելու:

XS
SM
MD
LG