Մատչելիության հղումներ

Օրերս բռնկված համաճարակը հերթական անգամ վեր հանեց բժշկական աջակցության մատչելիության խնդիրները Քաշաթաղի շրջանի ամենախիտ բնակեցված գյուղում՝ Տիգրանավանում։

Գյուղում չկա անգամ բուժկետ, թեեւ Քաշաթաղի շրջանի հարավային մասում գտնվող այս բնակավայրում ապրում է հարյուրից ավելի մարդ՝ հիմնականում վերաբնակիչներ։

Գյուղի բնակիչների շուրջ կեսը՝ 54 հոգի, ծանր վիճակում տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոցներ։ Հիվանդների վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության։ ԼՂ Առողջապահության նախարարության հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Նարինե Մոսիյանի խոսքով, համաճարակի նախնական ախտորոշումը լեպտոսպիրոզն է։

«Հիվանդությունը տարածվում է կրծողների միջոցով, որոնք վարակում են ջուրը։ Այնուհետեւ մարդը, օգտվելով վարակված գրից, հիվանդանում է», - նշեց Մոսիյանը։

Այս համաճարակը, ինչպես նշում են մասնագետները, Ղարաբաղում վերջին անգամ բռնկվել էր սովետական տարիներին: Դրա կրկին ի հայտ գալը պայմանավորում են վերջին տարիներին կրծողների քանակության ավելացման հետ։

Վարակի օջախը վերացնելու եւ հիվանդներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կատարվող քայլերին նախագահ Բակո Սահակյանն անձամբ է հետեւում, այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը: Սակայն Տիգրանավան գյուղի բնակիչները դժգոհում են։

«Երեխաները հիվանդանում են, վատ են զգում, իսկ մենք ամեն ինչի համար 50 կիլոմետր պիտի քշենք, որ կամ Գորիս հասնենք, կամ էլ Ստեփանակերտ-Լաչին, էլի այդքան հեռու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց տիգրանավանցի մի կին՝ ընդգծելով. - «Ու ամեն մեկը հենց դրա պատճառով ուզում է հետ դառնա։ Կոնկետ՝ իմ տղան է ծանր վիճակով եղել։ Ամբողջ ճանապարհը, մինչեւ Բերձոր ենք հասել, մտքումս մենակ կրկնել եմ. հենց փրկվեց ուղարկելու եմ որտեղից եկել է՝ Արարատ։ Աստված կանչելով մենք Բերձոր ենք հասել»։

«Եթե հենց վերաբնակեցված տարածքում բնակիչը անուշադրության է մատնվում, ոչ մի բան չի պահի ժողովրդին», - դժգոհեց Տիգրանավանի մեկ այլ բնակչուհի։
XS
SM
MD
LG