Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը մերժել է ընդդիմության իրազեկումը Ազատության հրապարակում նստացույց անցկացնելու մասին


Ազատության հրապարակը Երեւանում, հունիս, 2010թ.

Ազատության հրապարակը Երեւանում, հունիս, 2010թ.

Ուրբաթ օրը Երեւանի քաղաքապետարանը մերժեց Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի` հունիսի 18-ին Ազատության հրապարակում նստացույց անցկացնելու մասին իրազեկումը:

Կոմիտեի ներկայացուցիչ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանիի հետ զրույցում հավելեց. - «Քանի որ մենք ծրագրել էինք զանգվածային միջոցառում, եւ վստահորեն հիմա կարող եմ ասել, որ դա լինելու էր բավականին մարդաշատ զանգվածային միջոցառում` օրենքի շրջանակներում, կարգ ու կանոնով, ամեն ինչով: Ուղղակի նրանք դա արգելեցին... Մենք պահանջելու էինք 15 քաղբանտարկյալների ազատ արձակում, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է բանտում իր քաղաքական հայացքների եւ քաղաքական գործունեության համար»:

«Նրանք [քաղաքապետարանը] պետք է մեզ առաջարկեին մեկ այլ տարածք, եւ չէր բացառվում, որ մենք համաձայնեինք», - շարունակեց իրավապաշտպանը: - «Նման տարածք մեզ չեն առաջարկել»:

Այսօր ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանում Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի նախագահ Կարապետ Ռուբինյանի հետ քննարկման ժամանակ քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը հայտարարեց, թե իրենք ունեն բոլոր հիմքերը իրազեկումը մերժելու համար:

«Միանգամից ասեմ, որ քաղաքապետարանում կա արդեն իրազեկում ամսի 10-ից` ամբողջ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին Ազատության հրապարակում միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ», - Ռուբինյանին ասել էր Բաղդասարյանը` շեշտելով, որ առաջինիս իրազեկումը ավելի ուշ էր ստացվել, ինչը «հիմք է տալիս ձեր կողմից նախատեսված զանգվածային-հրապարակային միջոցառման անցկացումը արգելելու համար»:

Վարդան Հարությունյանը «անհիմն» որակեց մերժումը. - «Կարծում ենք, որ հետին թվով, մտացածին հիմնավորումներ են բերում»:

Նա ասաց, թե այս հայտը առաջին փորձն էր, որն ապացուցեց, որ «իշխանությունները հակված են մերժել Ազատության հրապարակի հետ կապված բոլոր հայտերը»:

«2008 թվականի փետրվարից հետո նրանք Ազատության հրապարակը համարում են իրենց վերջին բաստիոնը», - եզրափակեց իրավապաշտպանը:
XS
SM
MD
LG