Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղակայված քննակենտրոնում հունիսի 11-ին անցկացվող օտար լեզվի քննությունը դեռ չսկսված քննասենյակից դուրս հրավիրվեց մի դիմորդ, ով դպրոցն ավարտել էր թռիչքային ձեւով եւ օրենքի կոպիտ խախտումով մասնակցում էր արդեն երկրորդ քննությանը:

Ծնողների հարցին, թե ինչու տղան դուրս հրավիրվեց քննակենտրոնից, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը բացատրեց. - «ԳԹԿ-ից զանգարեցին ու ասացին, որ նախարարի հրամանով` այս երեխան չպետք է մասնակցի քննությանը»:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ «նախորդ քննությունը` հայոց լեզու եւ գրականություն, այդ դիմորդը կարողացել էր հանձնել, քանի որ վերահսկողական օրգանները դեռ չէին հասցրել հայտնաբերել կեղծիքը»:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի նախագահ Գուրգեն Խաչատրյանն ասաց, որ մինչեւ այսօր բացահայտվել է թռիչքային ձեւով դպրոցն ավարտած շուրջ 39 աշակերտ, որոնց ԿԳ նախարարի հրամանով` ԳԹԿ-ն թույլ չի տվել մասնակցել միասնական քննություններին:

Քննասենյակից հեռացված դիմորդը թիվ 195 դպրոցի աշակերտ է: Նախարարի հրամանը շրջանցած դպրոցի տնօրեն Ալեքսանդր Վահրամյանը տեղի ունեցածը որակեց «փաստաթղթային թյուրիմածություն», որն իրենք չեն նկատել:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա դեկտեմբերի 22-ին ամփոփելով տարին` ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը խորհուրդ տվեց ծնողներին չհավատալ դպրոցների տնօրենների այն խոստումներին, թե հնարավոր է տասներորդ դասարանցիների թռիչքային ուսուցումն ապահովելը: Նախարարը խոստացավ նաեւ նման ապօրինի որոշումներ ընդունողներին «պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

XS
SM
MD
LG