Մատչելիության հղումներ

Հունիսի 11-ի մամուլ


«Առավոտ» օրաթերթում կարդում ենք. - «ԵԽԽՎ 34 պատվիրակներ հունիսի 9-ին ստորագրել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ամրապնդելու անհրաժեշտությունը» գրավոր հռչակագիր։ Այստեղ նշված է, թե գովասանքի են արժանի ԵԽԽՎ նոր ղեկավարի ջանքերը՝ վերակենդանացնել ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքը, որոնք կզբաղվեն բանաձեւերի կատարմամբ։ Եվ խոսվում է 1416 բանաձեւի շրջանակում նախկինում գործող ենթահանձնաժողովի մասին։ Ասվում է, որ այն չի կարող դիտարկվել իբրեւ փոխարինում ԵԱՀԿ Մինսկի խմբի, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար։ Չնայած այդ մարմինների թիրախները նման են՝ նրանց գործառույթները տարբեր են, նշված է հռչակագրում, ուր նաեւ ասվում է, թե այս ջանքերին ընդդիմանալու քայլերն անընդունելի են եւ հակասում են խաղաղության գործընթացին»։

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի պետական մեքենան աշխատում է այն էներգիայով, որն առաջանում է պաշտոնների համար մղվող խաչաձեւ պայքարի ընթացքում: Պետական ողջ կյանքը պտտվում է հենց այս առանցքի շուրջ: Սա շատ հետաքրքիր երեւույթ է, որը հատուկ է Հայաստանի կարգի երկրներին: Իսկ երեւույթի ընդհանուր նկարագիրը հետեւյալն է. եթե ինչ-որ մեկը նախարար է, առնվազն մի քանի հոգի կան, որ նրա փոխարեն ուզում են նախարար դառնալ: Նախարարն ինքն էլ գիտի նրանց գոյության մասին, նրանք էլ գիտեն, որ նախարարը գիտի իրենց գոյության մասին, ու այս համատեքսում սկսվում է ըստ էության բաց պայքար, որը խլում է թե' նախարարի, թե' հավակնորդի ողջ ժամանակը: Նման մրցապայքարի համար, բնականաբար, փող է հարկավոր, շատ փող: Եվ ուրեմն` նախարար դարձածները նախեւառաջ փորձում են հետ բերել այն փողերը, որ ծախսել են նախարար դառնալու համար, ապա եւ` կուտակել նոր փողեր, որ անհրաժեշտ կլինի նախարարական իրենց առոթի վրա աչք դրածների կամ նրանցից մեկի վճռական գրոհին դիմակայելու համար»:

«Հայոց Աշխարհ»-ը «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների շուրջ զրուցել է ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Նա ասում է. - «Ինչո՞ւ պետք է մեր երկրում բացառություն լինի հայալեզու կրթության հարցի հետ կապված։ Եթե նպատակը այն է, որ Ռուբեն Վարդանյանի նմանները կարողանան մասնավոր քոլեջների միջոցով ինչ-որ գործընթաց իրականացնել, ապա գործող օրենսդրությունը դրան բացարձակապես չի խանգարում, այն իմաստով, որ հնարավորություն է ընձեռում, պահպանելով օտար լեզուների ուսուցումը, բայց կրթությունը իրականացնելով հայերենով, բավականաչափ ազատ լինել ծրագրերի ընտրության եւ գործադրման մեջ, բոլոր խնդիրները լուծել՝ այդ շրջանակների մեջ տեղավորվելով»։

Նույն հարցի վերաբերյալ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) նույն թերթում ասում է - «Պետք է կողմնորոշվել՝ այս քայլը բովանդակային տեսանկյունից իմաստավորվա՞ծ է, թե՞ ոչ, եւ համապատասխան որոշում կայացնել։ Երեկ երեկոյան հեռուստատեսությամբ ելույթ էի ունենում ուղիղ եթերում, գալիս էին բազմաթիվ նամակներ, հեռախոսազանգեր, եւ պատկերացրեք՝ մոտավորապես 80 տոկոսը դրական էր արտահայտվում այս նախաձեռնության վերաբերյալ։ Եթե հասարակության մի մասը, 50 հոգի, 100 հոգի դեմ է, եկել՝ իր տեսակետն է արտահայտում, ապա դա ամբողջ հասարակության տեսակետը չէ։ Եթե սոցիալական հարցում անենք, վստահ եմ՝ պատկերը բոլորովին այլ կլինի»։

Կրթության որակի մասին «Իրավունք» թերթում իր կարծիքն է արտահայտել «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար , մանկավարժ Հեղինե Բիշարյանը. - «Ես կասեի, որ վերջին տարիների ընթացքում մեր կրթությունը առաջընթաց է ապրում, եւ այն օրվանից, երբ պետությունը մտահոգվեց բժիշկների աշխատավարձի բարձրացմամբ, մտահոգվեց ծրագրերի կատարելագործմամբ, եւ այլն: Ես որպես այս ոլորտին մոտիկ կանգնած մարդ պետք է ասեմ, որ մենք կրթության հարցում առաջ ենք գնում: Ճիշտ է, այն, ինչ այսօր մենք ունենք, դա բավարար չէ, կան խնդիրներ, թերություններ, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք կանգ ենք առնում: Հակառակը` մենք առաջ ենք շարժվում, եւ այն բացերն ու թերությունները, որոնք որ կան կրթական համակարգում, աստիճանաբար վերացվելու են: Իսկ դա մեկ օրվա, հինգ օրվա, մեկ տարվա խնդիրներ չեն»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ադրբեջանցիները, հասկանալի է, կարող են Ղարաբաղին տիրանալ միայն պատերազմի միջոցով` եթե ստացվի: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանին տիրել են նույնպես բռնությունների միջոցով: Այս երկու «երեւույթների» մեջ, իհարկե, հսկայական տարբերություն կա: Նախ` Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տիրապետությունը, այնուամենայնիվ, օտար լուծ չէ, երկրորդ` Ղարաբաղի դեպքում «ադրբեջանական դրոշին» դեմ է ժողովրդի 100 տոկոսը, իսկ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեպքում ` 80-85 տոկոսը: Մնացած հարցերում տարբերությունները սկզբունքային չեն: Պարզապես երբ որեւէ ուժ (յուրային, թե օտար) բռնությամբ իշխանություն է հաստատում ինչ-որ տարածքում, գործում է միշտ նույն տրամաբանությամբ, ակտիվ դիմադրողներին ոչնչացնում է, մյուսներին ստրուկների նման շահագործում եւ թալանում երկիրը, ու դա, բնականաբար, հանգեցնում է արտագաղթի»:

lragir.am-ի թղթակիցը ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «Նախկինում համանախագահ երկրների ներկայացուցիչները պարբերաբար խոսում էին Լեռնային Ղարաբաղի խնդրում առկա պատուհանների, շուտափույթ լուծումների մասին։ Հիմա Պուտինը հայտարարում է, թե ռիսկային է որեւէ կողմի վրա ճնշում գործադրելը»։ Շարմազանովը պատասխանում է. - «Մենք մի բան պետք է գիտակցենք. մեզ պետք չէ ամեն գնով Ղարաբաղի խնդրի լուծում, արհեստական արագացումներ։ Մեզ պետք է Լեռնային Ղարաբաղի խնդրի հայանպաստ լուծում։ Հայկական կողմը արհեստական արագացման, ամեն գնով խնդրի լուծման չի գնա։ Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ պետություն է, շատ տեղերում ավելի զարգացած, քան Հայաստանը, իսկ Ադրբեջանի հետ ընդհանրապես չեմ համեմատում, քանի որ այն սուլթանական երկիր է։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շատ հանգիստ ու խաղաղ ապրում է, զարգանում է, անկախ պետություն է։ Եվ ես ուրախ եմ, որ այս առումով որեւէ խնդիր չունենք»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG