Մատչելիության հղումներ

Գագիկ Մինասյան. «Տնտեսական աճը այս տարի կտրուկ կերպով կգերազանցի բյուջեով նախատեսված ցուցանիշը»


Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ այս տարվա բյուջեով ամրագրված էր առնվազն 1.2 տոկոս տնտեսական աճ։ Մինչդեռ, այս տարվա առաջին չորս ամիսներին արդեն գրանցվել է 7.2 տոկոս տնտեսական աճ։

«Ես կարծում եմ, որ կտրուկ ավելի բարձր կլինի մեր տնտեսական աճը, քան պետական բյուջեով էր նախատեսված», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մինասյանը։

Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի խոսքով, մինչդեռ, այս տարվա տնտեսական բարձր աճը, որը համեմատվում է անցած տարվա հետ, չպետք է անակնկալ թվա, քանզի անցած տարի մենք ունեցել են շոշափելի անկում եւ այդ ֆոնին կարող ենք ունենալ անգամ երկնիշ աճ:

«Բանն այն է, որ անցած տարի անկումը եղել է 32 տոկոս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բագրատյանը` շարունակելով. - «Իրենք ասում են 14 տոկոս, բայց բացեք Համաշխարհային բանկի սայթը, տեսեք ինչքան է անկումը: Այս տարի, եթե ոչինչ էլ չանեն, բնականաբար, մենք ասում էինք, որ պետք է լինի 10,15,20 տոկոս աճ: Դա ցինիզմ է, երբ իրենք, լավ իմանալով, որ 8-10 տոկոս աճ հնարավոր է, գրեցին 1 տոկոս աճ, որպեսզի գերակատարեն»:

Ասուլիսի ընթացքում Գագիկ Մինասյանն ասաց, թե 2010 թվականին իրականացվելիք տնտեսական քաղաքականությունից իշխանությունները կարեւորում են պայքարը օլիգարխիկ համակարգի դեմ եւ հարկահավաքման արդյունավետության բարձրացումը։

Ընդդիմությունը համոզված է, որ առանց իշխանափոխության հնարավոր չէ արդյունավետ պայքարել օլիգոպոլ համակարգի դեմ, քանի որ նույն օլիգարխները քաղաքական համակարգի մասն են եւ որոշում կայացնողների թվում են: Մինասյանը, սակայն, համաձայն չէ դրան. - «Կարծում եմ` ոչ։ Այն պատճառով, որ այդ համակարգի ճարտարապետները եղել են հենց այդ ընդդիմախոսները: Եթե դուք իշխանության փոփոխություն եք պատկերացնում` առանց կտրուկ գաղափարախոսական փոփոխությունների, որեւէ բան չի փոխվի»:

Նախկին վարչապետ Բագրատյանը արձագանքեց. - «Այո, նախկին իշխանության ժամանակ եղել են մարդիկ, որոնք սկսել են ուժ հավաքել: Եղել է մի մարդ, որի ձեռքում հանկարծ հայտնվել էր ՀՆԱ-ի 0.4 տոկոսը: Դա Խաչատուր Սուքիասյանն էր… Ամենայն որոշակիությամբ պիտի ասեմ` Սուքիասյանների բիզնեսի 90 տոկոսը ձեռք է բերվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք: Այս իշխանությունների օրոք ավելացել է. նախ` Ռոբերտ Քոչարյան, Միշա Բաղդասարով, Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան: Քառասուն ընտանիքի ձեռքում հայտնվել է ՀՆԱ-ի 52 տոկոսը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG