Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Ադրբեջանի ռազմական դոկտրինում ամրագրված ձեւակերպումները հակասում են Ադրբեջանի Սահմանադրությանը»


Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը:
Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Ադրբեջանի խորհրդարանում երեկ հաստատված ռազմական դոկտրինը հակասում է երկրի Սահմանադրությանը:

Ըստ դոկտրինի, մասնավորապես, Ադրբեջանը իրավունք ունի օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ ռազմական ուժը` «զավթված տարածքները ազատելու եւ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։

«Այդ փոփոխությունը հենց հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանը, որտեղ կա հատուկ հոդված, որ բացառում է պատերազմի կամ ռազմական գործողությունների միջոցով հարցերի լուծումը», - Ազգային ժողովում ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հարցին, ասաց արտգործնախարաը:


Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանի հարցին, որ վերաբերում էր Մադրիդյան սկզբունքներին, նախարարը արձագանքեց. - «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցը, ինչպես եւ, բնականաբար, բանակցությունների, դա Ղարաբաղի կարգավիճակի լուծման հարցն է, ինչն ապացուցում են Լ’Աքլվիլայից անմիջապես հետո հրապարակված Մարդրիդյան առաջարկների գլխավոր սկզբունքները»:

Արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանը դեմ է գլխավոր սկզբունքներին. - «Այն պնդումները Ադրբեջանի կողմից, որ իրենք կարող են Ղարաբաղին տալ բարձր մակարդակի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, փորձեր են կանխորոշել այդ կամարտահայտության արդյունքները եւ իրականում դեմ են ինքնորոշման սկզբունքի կիրառմանը: Ադրբեջանը մերժել է առաջարկը` ստորագրել համաձայնագիր ուժի չկիրառման սկզբունքի կիրառման իմաստով, Ադրբեջանը մերժել եւ մերժում է հրադադարի ամրապնդման առաջարկները: Իսկ իր ռազմատենչ եւ պատերազմի սպառնալիքներով հայտարարություններով, փաստորեն, փորձում է տապալել բանակցությունները»:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության սկզբունքին, ապա արտաքին գործերի նախարարը հայտարարեց. – «Մեկ սկզբունք կա, որին իրենք փորձում են կառչել` տարածքային ամբողջականության սկզբունքը, այն էլ` իրենց մեկնաբանությամբ: Անգամ ասում են, որ Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշ են բարձրացնելու: Չնայած բոլորին ակնհայտ է, որ Ղարաբաղի ժողովուրդը այլեւս երբեւէ չի հանդուրժի ադրբեջանական դրոշ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG