Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը


Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքում հունիսի 8-ին հանդիպում էր կազմակերպվել` քննարկելու Թուրքիայի կողմից շարունակվող ցեղասպանություններն ու գերտերությունների վերաբերմունքը դրանց: Ժողովի նախաձեռնող, ուելսցի Էլիան Ուիլյամսի խոսքով` հանդիպման հիմնական նպատակը բրիտանացի պատգամավորների ուշադրությունը գրավել էր: Այդուհանդերձ, թեեւ բոլորին հրավեր էր ուղարկվել, եկել էր միայն մեկ խորհրդարանական:

«Շատ դժվար է, վեց հարյուր պատգամավորներից միայն մեկը եկավ: Պատգամավորները տարբեր առիթներով ստորագրել են մեր նամակների ու հայտարարությունների տակ, բայց գործնական փոփոխության հասնելը դժվար է: Այսօր միայն Նիա Գրիֆիթն է եկել, նա լեյբորիստ է, նա էլ է Ուելսից եւ մշտապես սատարել է իմ նախաձեռնությունները», - ասաց Ուիլյամսը:

Էլիան Ուիլյամսն ներկայանում է որպես հասարակ հովիվ, ով հետաքրքրվում է պատմությամբ ու հատկապես հայերի ճակատագրով: Ապա ժպիտով ավելացնում է, որ իրեն կոչում են նաեւ մարդու իրավունքներով զբաղվող ակտիվիստ: Ուիլյամսը մշտապես երազել է հայ լինել, եւ միայն վերջերս է կարողացել մկտրվել Լոնդոնի հայկական եկեղեցում: Հենց նրա համառության շնորհիվ է Ուելսի խորհրդարանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչից հետո Էլիանը որոշել է շարունակել պայքարն ու հասնել Ցեղասպանության ճանաչմանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:

«Երբ փոքր էի, հանրագիտարանում Սասունի ջարդերի մի նկար տեսա, եւ շատ տպավորվեցի: Տարիներ անց իմ գյուղի եկեղեցում դրամահավաք կազմակերպվեց հայերին օգնելու համար, ու դա նորից շարժեց իմ հետաքրքրությունը: Ես ծանոթացա հայերի պատմությանը եւ այն այնքան հուզեց ինձ, որ որոշեցի կյանքս նվիրել Ցեղասպանության ճանաչմանը, անգամ ուզում էի անդամակցել ԱՍԱԼԱ-ին (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ): Բարեբախտաբար ԱՍԱԼԱ-ի հետ կապ չունեցա, երիտասարդական այդ ոգեւորությունը անցավ, բայց, կարծում եմ, այն, ինչ արել եմ ու անում եմ, ավելի արդյունավետ է: Ուելսի խորհրդարանից հետո արդեն ժամանակն է, որ բրիտանական խորհրդարանը ճանաչի Ցեղասպանությունը: Եթե նամակները չեն օգնում, պետք է անցնել նստացույցերի», - ասաց Ուիլյամսը:

Գրող, ցեղասպանագետ Դեսմոնտ Ֆերնանդեսը, ով գիրք է գրել Թուրքիայում քրդերի հետապնդումների ու հալածանքների մասին, ասաց, թե Թուրքիան ցայսօր շարունակում է մշակութային ու նաեւ ֆիզիկական ցեղասպանությունը երկրի տարածքում ապրող ազգերի նկատմամբ: Նրա խոսքով` քրդերի լեզուն, մշակույթը, սովորույթները հետեւողականորեն ոչնչացվում են, քուրդ ուսանողներին հետապնդում են, նրանց հեռախոսազանգերը գաղտնալսվում են, ձերբակալվում ու նույնիսկ սպանվում են քուրդ գրողներ, լրագրողներ, եւ այս ամենը արձանագրում են նաեւ միջազգային կազմակերպությունները: Դեսմոնտ Ֆերնանդեսի համոզմամբ` արեւմտյան երկրները, մասնավորեապես ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան սատարում են Թուրքիայի այս քաղաքականությանը` օգնելով Թուրքիային իր արարքները քողարկել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ:

Հանդիպմանը հրավիրված էր նաեւ թուրք գրող, պատմաբան, Անկարայի բաց համալսարանի դասախոս Սաիդ Չեթինօղլուն: Նա եկել էր ներկայացնելու իր գիրքը` երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների կողմից գանձվող պետական տուրքի մասին:

Չեթինօղլուն պնդում է, որ մշտապես` նաեւ քսաներորդ դարի կեսերին, թուրքական կառավարությունը խտրականություն է դրսեւորել մահմեդական եւ քրիստոնյա բնակիչների միջեւ, թուրքերի եւ մյուսների միջեւ: Հեղինակի պնդմամբ` արեւմտյան երկրները ոչ միայն աջակցում են Թուրքիային, այլեւ օգտվում այդ քաղաքականությունից:

«Ցեղասպանության արդյունքում Արեւմուտքը ստացել է էժան եւ որակյալ աշխատուժ, նաեւ` մեծ կապիտալ հայերի կողմից: Իմ հիմնական ասելիքն այն է, որ այդ երկրները` այդ թվում եւ Անգլիան, պիտի հետ վճարեն հայերին այն, ինչ ժամանակին իրենք շահել են», - ասաց Չեթինօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG