Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը սկսեց քննարկել օտարալեզու դպրոցներին վերաբերող օրինագիծը


Ցուցարարները Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ: 9-ը հունիսի, 2010թ.

Ցուցարարները Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ: 9-ը հունիսի, 2010թ.

Չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանը սկսեց քննարկել լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնցով, հիշեցնենք, հնարավորություն է ընձեռվում երկրում մասնավոր եւ միջպետական համաձայնագրերի հիման վրա օտարալեզու դպրոցներ բացել: Օրինագծի ընդունմանը դեմ հանդես եկող ցուցարարները «Կրթությունը` հայերեն» վանկարկումներով էին դիմավորում նիստին ժամանող պատգամավորներին:

Ներկայացնելով օրինագիծը` Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասաց, թե վերջին երկու ամիսներին անցած հանրային քննարկումների արդյունքում «հասարակական կարծիքը երկփեղկված է». - «Այս օրինագծի հետ կապված հանրային քննարկումները մեկ անգամ արդեն հանգեցրել են մեր կողմից տվյալ օրինագծի վերամշակմանը»:

Լրամշակված օրինագծում կառավարությունը հստակ ամրագրել է, որ օտարալեզու դպրոցներում Հայաստանի քաղաքացիների համար պարտադիր են լինելու հայոց լեզուն եւ հայագիտական առարկաները, որ այդ դպրոցները բացառապես գործելու են կառավարության որոշումներով միջին եւ ավագ դասարաններում:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:.
«Սկզբունքային խնդիրը, որ դրված է այս նախագծով, դա «Լեզվի մասին» օրենքի առաջին հոդվածում առաջարկված հավելումն է` Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերը իրականացվում են գրական հայերենով` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Մնացած բոլոր դրույթները` կապված կրթական աստիճանի, դպրոցների թվաքանակի, նրանց բաշխման հետ, երկրորդական են, եւ այստեղ հնարավորություններ կան քննարկելու եւ որոշելու համապատասխան դիրքորոշումները», - ասաց նախարարը:

Այսինքն` ըստ հնչած տեսակետի, կարեւորը օտարալեզու ոչ պետական դպրոցներ բացելու հնարավորություն տալն է:

Փոփոխություններին կողմ են ՀՀԿ-ի, «Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցությունները: Կոալիցիոն մյուս ուժը` «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կլինի, եթե ընդունվի իրենց առաջարկը` օտարալեզու կրթությունը պետք է կազմակերպվի բացառապես ավագ դպրոցներում եւ հարկավոր է հստակեցնել, թե կոնկրետ քանի դպրոցի մասին է խոսքը: Խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը ասաց, թե պետք է ունենալ ոչ թե 15, այլ ավելի քիչ թվով օտարալեզու դպրոցներ:

Արմեն Աշոտյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ այդ առաջարկը, հավանաբար, մասամբ կընդունվի. - «Այսինքն` ավագ դպրոցների մասով նույնպես ունենալ համապատասխան օրենսդրական դրույթ: Ես չեմ բացառում դա»:

Օրինագծին անվերապահորեն դեմ են Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունները:

«Ժառանգության» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, օրինակ, իր ելույթում հորդորեց «ականջալուր լինել հասարակության բողոքին եւ մտահոգություններին». - «Փաստ է, որ օտարալեզու դպրոցներին Հայաստանում ասում են` ոչ: «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններին ասում են` ոչ»:

Նախարար Աշոտյանին ուղղված Արտյուշա Շահբազյանի (ՀՅԴ) հարցը վերաբերում էր հատկապես ռուսական դպրոցների բացմանը, եւ նախարարը չբացառեց, որ կարող են լինել նաեւ ռուսական դպրոցներ` հայտարարելով, թե պետք չէ նախաձեռնությունը քաղաքականացնել եւ փնտրել արտաքին ազդեցության լծակներ:

«Իրականում այդպես չէ: Ես չեմ բացառում, որ օրենքի ընդունումից հետո մենք կարող ենք ունենալ միջպետական կամ միջկառավարական համաձայնագիր ռուսական, ֆրանսիական, անգլիական կամ որեւէ այլ կառավարության հետ միջպետական դպրոցների մասով», - ասաց Արմեն Աշոտյանը:

Քննարկումները կշարունակվեն վաղը:


«Կրթությունը` հայերեն»

Մինչ խորհրդարանականները քննարկում էին օրինագիծը, Կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ (որտեղ անցնում է Ազգային ժողովի այս քառօրյան), հավաքվածները իրենց բողոքն էին արտահայտում` վանկարկելով` «Կրթությունը` հայերեն»:

Ցուցարարները հավաքվել էին դեռ նիստը սկսվելուց առաջ եւ իրենց վանկարկումներով էին դիմավորում շենք մտնող հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներին:

Ցուցարարներից Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, թե օրինագիծը չի անցնի` եթե «դրսից ճնշումներ չլինեն»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, մինչդեռ, չի հետաքրքրում` կա՞ն դրսից ճնշումներ, թե՞ ոչ: Նրա խոսքով, օրինագծի պատասխանատուները Հայաստանի իշխանություններն են, եւ հարկավոր է պահանջել ոչ միայն Կրթության եւ գիտության նախարարի, այլ ամբողջ կառավարության հրաժարականը:

Ցուցարարները «Կրթությունը` հայերեն» վանկարկումներով են դիմավորում պատգամավորներին
«Սա ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները ունեն ազգային անլիարժեքության բարդույթ եւ չեն հավատում Հայաստանի ապագային: Իսահակյանը մի գեղեցիկ խոսք ունի. ասում է` մեր հայրենիքը մեր լեզուն է: Եթե նրանք սրան չեն հավատում, ուրեմն օտար լեզուներն են նրանց հայրենիքը, օտար ափերը: Զարմանալի է այդպիսի իշխանության գոյությունը անկախ պետության մեջ», - ասաց Իշխանյանը:

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այրին` Գրիզելդա Ղազարյանը վրդովված էր, որ իրենց կողքին չեն մտավորականները. - «Ո՞ւ է Լեզվի ինստիտուտը, ո՞ւր է Ազգային ակադեմիան, ո՞ւ են համալսարանները, ո՞ւր են մեր հայ գրողները: Նրանք չե՞ն տեսնում այս արհավիրքը... Եթե մենք մեր հայկական էությունը խաթարելու ենք, ո՞վ է պահելու մեր լեզուն: Մենք շատ փոքր ազգ ենք, որպեսզի թույլ տանք մեզ այդ շռայլությունը»:

Կառավարության ներկայացրած այս օրինագծին դեմ է արտահայտվել Հանրային խորհուրդը` նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկելով իր որոշումը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ իրենց որոշումը հաշվի կառնվի:

Օտարալեզու դպրոցների բացմանը դեմ են արտահայտվել Գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի, Գրականության եւ Արվեստի ինստիտուտները, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գրողների միությունները:
XS
SM
MD
LG