Մատչելիության հղումներ

Իրանի նկատմամբ ավելի կոշտ պատժամիջոցների կիրառումը կարող է անդրադառնալ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չորեքշաբթի օրը հատատված փաստաթղթով ավելի խիստ պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, եւ միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամները քվեարկել են բանաձեւի օցտին։

Հայաստանն ու Իրանը սերտ տնտեսական կապեր ունեն։ Շուրջ մեկ տարի է, ինչ գործում է Իրան-Հայաստան գազամուղը, նախատեսվում է կառուցել երկու երկրները միացնող երկաթուղի։ Առկա են նաեւ առեւտրային հարաբերություններ։ Արդյո՞ք Միացյալ Նահանգների պետքարտուղարի բնութագրմամբ` «ամենախիստ պատժամիջոցները» կարող են բացասական անդրադարձ ունենալ Իրան - Հայաստան տնտեսական հարաբերությունների վրա։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հրաժարվեցին մեկնաբանել այս հարցը։ Չհաջողվեց պարզաբանումներ ստանալ նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից։

Փաստաթուղթը, մասնավորապես, ներառում է Իրանում գործող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մի մեծ ցանկ, որում ընդգրկված ընկերություններն ամենից շատ են ենթակա նախատեսվող պատժամիջոցներին։ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին փաստաթուղթը կոչ է անում զգոն լինել իրանական բանկերի մասնակցությամբ դրամական փոխանցումներ ենթադրող գործողություններում։ Ըստ այդմ` նախատեսվում է նաեւ մշակել միջազգային մոնիտորինգի իրականացման մեխանիզմ, որի օգնությամբ հնարավոր կլինի վերահսկել պատժամիջոցների գործադրման ընթացքը։

Նախօրեին Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, թե սա «Իրանի ընտրությունն է, եւ խոսքն ամենեւին էլ Իրանին մեկուսացնելու` ԱՄՆ-ի ջանքերի մասին չէ»։

Քրոուլիի խոսքով, Իրանի ստորագրությունն առկա է միջուկային տեխնոլոգիաներ չտարածման միջազգային պայմանագրի վրա, սակայն այդ երկիրը տարիներ շարունակ չի կարողացել փարատել միջազգային հանրության մտահոգույունները` կապված հարցի հետ, թե արդյո՞ք Թեհրանի միջուկային ծրագրերը կրում են խաղաղ բնույթ։

«Իրանն այս պարագայում փորձում է ներկայանալ զոհի կերպարով: Ոչ, Իրանը զոհ չէ», - ասել է Պետքարտուղարության խոսնակը` հույս հայտնելով, որ նոր պատժամիջոցներ նախատեսող փաստաթուղթը կլինի «խիստ, համոզիչ եւ դիպուկ ուղղերձ` ուղղված Իրանին»:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ եթե բանաձեւն ընդունվի, Թեհրանը կհրաժարվի միջուկային ծրագրի շուրջ հետագա բոլոր բանակցություններից։

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հիշյալ պատժամիջոցները անպայմանորեն բացասաբար կանդրադառնան Հայսատան - Իրան հարաբերությունների վրա։

«Դա կունենա իր բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսական կացության վրա, կսահմանափակի մարդկային եւ գործնական շփումները Հայաստանի եւ Իրանի միջեւ, որովհետեւ Հայաստանը չի կարող արհամարհել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի պահանջները», - ասաց Մեհրաբյանը` խոսելով նաեւ Հայաստանի համար այլ` «առավել ընդգրկուն քաղաքական վտանգի» մասին. - «Պատժամիջոցներն էապես կսահմանափակեն Իրանի ներգործությունը մեր տարածաշրջանում, ինչն ավտոմատ կերպով ուժեղացնում է Թուրքիային եւ Ադրբեջանին»:

Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ով 1996-97 թվականներին իբրեւ խորհրդական պաշտոնավարել է Իրանում Հայաստանի դեսպանատանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Չեմ կարծում, որ այլ երկրների, այլ ուժերի կողմից ստեղծվող պրոբլեմները մեր հարաբերությունների վրա անդրադառնան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG