Մատչելիության հղումներ

Հայոց լեզվից 20 ստացել է ընդամենը 2 դիմորդ. բողոքները շարունակվում են


Եթե անցած տարի հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննությունից 20 միավոր էր ստացել 12 դիմորդ, ապա այս տարի այդ թիվը կրճատվել է ուղիղ 10-ով. ընդամենը 2 դիմորդի է հաջողվել առավելագույն 20 միավոր ստանալ:

Դիմորդներից ոմանք իրենց գնահատականն իմանալու համար քննակենտրոն էին եկել արդեն նախապատրաստված` ձեռքներին տպագրական վրիպակներով թեստերի օրինակներ:

Ծնողները բողոքում էին, թե իրենց երեխաները կրկնուսույցի մոտ պարապել են մի քանի տարի, ուղեցույցով ստուգել գիտելիքներն ու բարձր միավորներ հավաքել, իսկ այսօր գնահատականները հակառակն էին փաստում: Ցածր գնահատական էին ստացել անգամ հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննական թեստերի հեղինակների մոտ պարապած դիմորդներ:

«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե ինչու մինչեւ հիմա Գնահատման եւ թեստավորման կենտրոնը չի արձագանքել թեստերի բարդության մասին հնչեցված բողոքներին ու դիտարկումներին, եւ թե ինչու են թեստերի հեղինակները լռում, կենտրոնի մամլո խոսնակ Գայանե Մանուկյանն պատասխանեց. - «Գնահատման եւ թեստավորման կենտրոնը որեւէ դիմորդից կամ մասնագետից գրավոր բողոք կամ հիմնավորում չի ստացել»:

Իրենց գնահատականներից դժգոհ դիմորդները հունիսի 10-ի առավոտից կարող են ներկայանալ իրենց քննակենտրոն եւ բողոքարկել արդյունքները:

Ընդհանուր առմամբ հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից քննություն հանձնած 10.754 դիմորդից անբավարար է ստացել 10.89%-ը:

XS
SM
MD
LG