Մատչելիության հղումներ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արեւմտյան թեմը դատական հայց է հարուցել «Փոլ Գետտի» թանգարանի դեմ


Մաշտոցի անվան Մատենադարանի շենքը Երեւանում:

Մաշտոցի անվան Մատենադարանի շենքը Երեւանում:

Միջնադարյան հայ մեծագույն մանրանկարիչներից Թորոս Ռոսլինի նկարազարդումներով 1256 թվականին ստեղծված Զեյթունի հանրահայտ Ավետարանը պաhպանվում է Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանում, իսկ դրա առաջին 7 էջերը Լոս Անջելեսի «Փոլ Գետտի» թագարանի սեփականությունն են: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արեւմտյան թեմը, «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության տեղեկացմամբ, Լոս Անջելեսում դատական հայց է ներկայացրել թանգարանի դեմ` պահանջելով վերադարձնել Ավետարանին պատկանող յոթ էջերը:

Այդ էջերը թանգարանը ձեռք է բերել 1994-ին մի մասնավոր հավաքածուից, որի տիրոջ անունը չի հրապարակվում։

Հայցվոր կողմը պնդում է, որ 1947 կամ 1948 թվականին` Ավետարանի իսկությունը հաստատելուց հետո, այն եկեղեցուն է վերադարձվել առանց հիշյալ էջերի, իսկ թե ով է պոկել այդ էջերը, հայտնի չէ։

Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ ձեռագրապահ Գեւորգ Տեր-Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Զեյթունի Ավետարանը Հայոց Մեծ եղեռնի օրերից ի վեր երկար ճանապարհ է անցել մինչեւ Մատենադարանում հանգրվանելը, եւ, բնականաբար, իրենք տեղյակ էին, որ պակասում են Ավետարանի առաջին էջերը: Դրանք վաղուց էին փնտրում, սակայն միայն 1980-ին իրենց հաջողվել է տեղեկանալ, որ դրանք գտնվում են Միացյալ Նահանգներում, իսկ արդեն 90-ականների կեսերից էլ տեղեկացել են, որ դրանք գտնվում են «Փոլ Գետտի» թանգարանում, բայց ոչինչ չէին կարող անել, քանի որ յուրաքանչյուր թանգարան իրավունք ունի գնել ցանկացած արժեքավոր ցուցադրանմուշ:

Գեւորգ Տեր-Վարդանյանը պատմեց, որ Զեյթունի Ավետարանը, ի թիվս այլ միջնադարյան ձեռագրերի, 1915-16 թվականներին ` Հայոց ցեղասպանության տարիներին դուրս է բերվել բնօրրանից, բայց, բարեբախտաբար, պահպանվել է, ի տարբերություն ավելի քան 9000 ձեռագիր մատյանի, որոնց գտնվելու վայրը մինչեւ այժմ անհայտ է: Կան ականատեսների վկայություններ, թե ինչպես տարբեր վանքերից եւ եկեղեցիներից հավաքված ձեռագրերը բարձվել էին սայլերին ու տարվել անհայտ ուղղությամբ:

«Դրանց մի մասը թերեւս գտնվում է Թուրքիայում, բայց մենք ոչինչ չենք կարող անել», - ասաց Մատենադարանի գլխավոր ձեռագրապահը` շարունակելով. - «Ավելին ասեմ` օտար մի հայագետից ենք լսել, որ ինքը տեսել է այդ տեսակ ձեռագրերի մի խումբ թուրքական ինչ-որ մի հաստատությունում, որ ընդհանրապես ո'չ իրենք են ձեռք տալիս, ո'չ էլ ուրիշին են ցույց տալիս»:

«Հուսանք, որ այդ 9000 ձեռագրերի մեծ մասը ոչ թե ոչնչացել է, այլ թուրքական «գերության» մեջ է: Ու հուսանք, որ մի օր դրանք պահանջելու հնարավորություն պետք է ունենանք», - ասաց Գեւորգ Տեր-Վարդանյանը` նաեւ հույս հայտնելով, Միացյալ Նահանգներում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության դատական հայցը կբավարարվի:
XS
SM
MD
LG