Մատչելիության հղումներ

Հայաստանը խաղաղասիրության ցուցիչով 113-րդն է


Երեքշաբթի օրը հրապարակվել է Համաշխարհային խաղաղասիրության ցուցիչը, որը կազմում է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի փորձագետների թիմը։

Սիդնեյում տեղակայված եւ Վաշինգթոնում մասնաճյուղ ունեցող այդ ինստիտուտի փորձագետների թիմը ցուցիչը կազմելիս օգտագործում է վերլուծական տարբեր կենտրոնների, այդ թվում Economist հանդեսի մասնագետների պատրաստած զեկույցները։

Խաղաղասիրության նոր ցուցիչով Հայաստանն աշխարհում գրավել է 113-րդ տեղը։ Տարածաշրջանի երկրներից Իրանը 104-րդն է, Ադրբեջանը 119-րդը, Թուրքիան 126-րդն է, Վրաստանը գրավել է 142-րդ տեղը, Ռուսաստանը 143-րդն տեղում է։

Նոր ցուցիչում ամփոփված են 2008-2009 թվականների տեղեկությունները եւ վերլուծությունները։ Այն կազմելու համար հաշվառվում են 23 որակական եւ քանակական ցուցանիշներ, այդ թվում բյուջեով բանակին հատկացվող գումարը, զինծառայողների թիվը, սպառազինությունների քանակը, հարաբերությունները հարեւանների հետ, ներքին եւ արտաքին բախումները, ահաբեկչության հավանականությունը, հանցավորության վիճակագրությունը, քաղաքական կայունությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, վերաբերմունքն այլազգիների նկատմամբ։

Այդ մեթոդաբանությամբ կազմված ցուցիչով մոլորակի ամենախաղաղասեր երկրների հնգյակում են Նոր Զելանդիան, Իսլանդիան, Ճապոնիան, Ավստրիան եւ Նորվեգիան։ Նախկին խորհրդային երկրներից առավել խաղաղասերը 66-րդ տեղը գրաված Մոլդովան է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները 85-րդ տեղում է, Իսրայելը 144-րդն է։ 149 երկրների ցանկում վերջին երեք տեղերում են Աֆղանստանը, Սոմալին եւ Իրաքը։

Մասնագետները նշում են, որ առավել խաղաղասեր են եվրոպական երկրները։ Ցուցիչի առաջին տասնյակում սկանդինավյան 5 պետություններ են` Իսլանդիան, Նորվեգիան, Դանիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան։ Ըստ վերլուծաբանների, հատկանշական է, որ այդ երկրները առաջին տեղերում են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարողների եւ մարդու իրավունքները երաշխավորողների ցուցակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG