Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսի 9-ի մամուլ


Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մասին, ասել է. - «Ակնհայտ է, որ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատուն Քոչարյանն է, եւ հանձնաժողովը հենց այսպիսի եզրակացություն պետք է ներկայացներ Ազգային ժողովին, ինչը տեղի չունեցավ։ Սա քաղաքական հարցադրում է, եւ մարտի 1-2-ի դեպքերը քաղաքական էին։ Մնացածը կարեւոր չէ։ Այն անձը, որը հրաման է տվել ուժ գործադրել ժողովրդի նկատմամբ, դա Ռոբերտ Քոչարյանն է, եւ այդ ճշմարտությունը որեւէ հանձնաժողովով՝ ժամանակավոր, թե մշտական, պարզելու անհրաժեշտություն բոլորովին չկա»։

«Ժամանակ»-ն առաջնորդողում գրում է. - «Հայաստանում ակնհայտորեն տրված է նախընտրական պայքարի մեկնարկը, ընդ որում` այդ թվում արտահերթի հավանականության զգալի չափով: Նախընտրական մարտավարությունների մասին խոսելն արդեն քաղաքական դաշտում դառնում է ավելի ու ավելի սովորական: Եվ նույնիսկ ՀՀԿ-ն, որ դեռ չի արտահայտվել ուղղակի իմաստով, շատ անհանգիստ է արձագանքում, օրինակ, որ ՀՅԴ-ն պայքար է սկսել ընդդիմադիր էլեկտորատի համար: Իշխանափոխության Դաշնակցության կոչին այսպես էր արձագանքել ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Շարմազանովը: Այսինքն` ՀՀԿ-ին դա չի զարմացնում, քանի որ ՀՀԿ-ն էլ չի ասում, բայց գիտակցում է, որ նախընտրական մեկնարկը տրված է: Սակայն առայժմ բացակայում է ամենակարեւորը` ի՞նչն է լինելու նախընտրական օրակարգի առանցքը, ի՞նչ հարցեր են առաջադրվելու հասարակությանը: Ընդ որում` խոսքը ոչ միայն բուն, այլ նաեւ պսեւդո-օրակարգի մասին է»:

«Հրապարակ»-ի թղթակիցը զրուցել է ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ: Լրագրողը հարցնում է. «Կարծում եք քոչարյանական թիմը հրաժարվե՞լ է իր ամբիցիաներից»: Սահակյանը պատասխանում է. - «Ես չեմ տեսնում քոչարյանական թիմ` որպես քաղաքական ուժ: Սովորաբար քաղաքական ուժ հասկացությունը վերաբերում է բաց քաղաքականությանը, որը հայտարարություններով է հանդես գալիս: Որն իր կարծիքները հասարակությանն է ներկայացնում: Նման միտումներ ես չեմ տեսնում»: Իսկ հարցին, թե գուցե Քոչարյանի միայնա՞կ է ուզում գալ իշխանության, իշխող կուսակցության փոխնախագահը արձագանքում է. - «Ճիշտ կլինի Ռոբերտ Քոչարյանին հարցնեք, որովհետեւ մինչեւ այսօր Ռոբերտ Քոչարյանը որեւէ անգամ չի հայտարարել, որ ուզում է մասնակցել ընտրական քաղաքական պրոցեսին»:

«Հայոց Աշխարհ»-ի զրուցակիցն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նա ասում է. - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիայի համար ընդամենը միջոց էր՝ առաջ տանելու 90-ական թվականներին որդեգրած քաղաքականությունը, այն է՝ ամեն գնով հեղինակավոր ձայն ստանալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Մնացած բոլոր հարցերը նրա համար երկրորդական էին։ Այդ առումով, այո, գործընթացը մտել է փակուղի, եւ նախագահը Սերժ Սարգսյանը միանշանակ տվեց ստեղծված իրավիճակի ճշգրիտ գնահատականը, փաստելով, որ Թուրքիան սպառել է հուսալի բանակցային գործընկերոջ վարկանիշը։ Եթե չլինեն շատ լուրջ հորդորներ, ես կասեի՝ դիվանագիտական ճնշումներ Թուրքիայի նկատմամբ, գործընթացը դժվար թե շարժվի մեռյալ կետից։ Այս պահին Միացյալ Նահանգների կամ Եվրամիության կողմից չեմ տեսնում նման ճնշումների հնարավորություն»:

«Առավոտ»-ը ԵԽԽՎ-ի Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին է ներկայացրել վերջին ներքաղաքական զարգացումները եւ հետաքրքրվել, թե ինչպես կանդրադառնա այդ ամենը սպասվող քննարկման վրա: Ռուստամյանը արձագանքել է. - «Նախ` վատ կանդրադառնա ընդհանրապես Հայաստանի նկատմամբ Եվրոպայի խորհրդի մոտեցումների առումով, քանի որ այդ հարցերին անպայման կանդրադառնա Մոնիթորինգի հանձնաժողովը: Իհարկե` կարծարծվեն այս խնդիրները, քանի որ քննարկվելու է Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը, եւ բոլոր նման ահազանգերը հասնում են այնտեղ»: Ռուստամյանը անդրադարձել է Ազատության հրապարակի դեպքերի կապակցությամբ Հայաստանի ոստիկանության կողմից հունիսի 1-ին տարածված հաղորդագրությանը. - «Ես չեմ հասկանում այդ հաղորդագրության իմաստը: Ի՞նչ է նշանակում «անհայտ անձինք խախտել են հասարակական կարգը` փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ»: Ազատության հրապարակը հատուկ պահպանվող օբյե՞կտ է, արգելված գոտի՞, ուր իրավունք չունեն մուտք գործել: Այն բոլորի համար ազատ պետք է լինի, եւ անհայտ անձինք, այո', պետք է ման գան այնտեղ: Ինչո՞ւ պիտի բոլորի համար հայտնի լինի, թե ովքեր են այնտեղ ման գալիս»:

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության կայքի վրա, փոխանցում է, որ երեկ այստեղ հայտնվել է մի ուշագրավ տեղեկանք` «Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում», որը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության ամենաբարձր օղակներին. - «Խիստ մասնագիտական լեզվով կազմված այս տեղեկանքում կարմիր թելով անցնում են պատերազմի վերսկսման մասին զգուշացումները: Նշվում է, որ ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին հասարակական բողոքի ալիքի ճնշումները կարող են հանգեցնել նրան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն անցնեն բանակն ու ներքին զորքերի ստորաբաժանումները` հանգեցնելով Սարգսյանի պաշոնանկությանը: Նաեւ հստակ ասվում է, որ Մոսկվան չի աջակցելու Քոչարյանի վերադարձին քաղաքականություն: Եվ խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը փորձում է իշխանությունը սահուն կերպով հանձնել Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան խմբին»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG