Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ռազմական դոկտրինը հնարավոր է համարում «զավթված տարածքների ազատումը ռազմական ճանապարհով»


Ադրբեջանական բանակի շքերթը Բաքվում, արխիվ
Ադրբեջանական բանակի շքերթը Բաքվում, արխիվ
Հունիսի 8-ին Ադրբեջանի խորհրդարանը արտահերթ նստաշրջանում ընդունեց երկրի ռազմական դոկտրինը։

Ընդունված փաստաթղթում նշված է, որ Ադրբեջանը իրավունք ունի օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ ռազմական ուժը, ազատելու համար «զավթված տարածքները ու վերականգնելու երկրի տարածքային ամբողջականությունը»։

Ռազմական դոկտրինը Ադրբեջանի դեմ ուղղված գործողություն է գնահատում Հայաստանին կամ «ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված անջատողական ռեժիմին» ցուցաբերվող քաղաքական, ռազմական, տնտեսական եւ ցանկացած այլ օժանդակություն՝ որ «նպատակ կունենա պաշտոնապես ճանաչել օկուպացիայի արդյուքները»։

Այս փաստաթուղթը Ադրբեջանի հիմնական սպառնալիքն է համարում է «Հայաստանի կողմից շարունակվող օկուպացիան»։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Ըստ ընդունված փաստաթղթի, չնայած չի թույլատրվում երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայան տեղակայել, այնուամենայնիվ Ադրբեջանի իշխանություններին իրավունք է վերապահվում ժամանակավորապես օտարերկրյա զինուժ տեղակայելու մասին որոշում ընդունել, եթե դա պահանջում է երկրի շահը։

Մինչ քվեարկությունը, քննարկումների ընթացքում պատգամավոր Զախիդ Օրուջը առաջարկել է ռազմական դոկտրինում նշել, որ Թուրքիան ռազմա-քաղաքական ոլորտում Ադրբեջանի դաշնակիցն է , սակայն խորհրդարանի խոսնակ Օքտայ Ասադովը դեմ է արտահայտվել՝ ասելով, թե Ադրբեջանը ոչ մի բլոկի մեջ չի մտնում ու անկախ քաղաքականություն է վարում։ - «Թուրքիային որպես դաշնակից նշելով՝ Ադրբեջանը կխախտի իր վարած քաղաքականությունը», - ասել է նա։

Պատգամավոր Այդին Միրզազադեն ասել է, թե Ադրբեջանը չի կարող համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, քանի որ Հայաստանը դրա անդամ է։

Պատգամավոր Փանախ Հուսեյնը օրինագիծը համարել է «աբստրակտ»։ Նա զարմանք է հայտնել, որ ռազմական դոկտրինի քննարկումներին պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները չեն մասնակցում, դահլիճում ներկա չէ պաշտպանության նախարարը։ Որպես հիմնական թերություն նա նշել է, որ փաստաթուղթը չի նախատեսում երկրի ժողովրդավարական զարգացում եւ ընդգծել է՝ «պատմությունը բազմիցս ապացուցել է, որ հաղթանակ են տանում ժողովրդավար երկրները»։

Երկժամյա քննարկումներից հետո, Ադրբեջանի ռազմական դոկտրինը ընդունվել է 110 կողմ, երկու դեմ, մեկ ձեռնպահ քվեարկության արդյունքում։

1991 թ. անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը առաջին անգամ է ռազմական դոկտրին ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG