Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը մասնակցում է Թուրքիայում անցկացվող գագաթնաժողովին


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտին

Մայիսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Թուրքիա կատարած այցից շուրջ մեկ ամիս անց, Ստամբուլ է ժամանում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Ակնկալվում է, որ օրվա ընթացքում նա կմասնակցի Ասիայում համագործակցության ու վստահության մթնոլորտի ամրապնդմանը նվիրված գագաթնաժողովին, ինչպես նաեւ դեմ առ դեմ հանդիպում կունենա թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ էրդողանի հետ։

«Երկու երկրների հարաբերությունները օրինակելի բնույթ են կրում», - բանակցություններից առաջ «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւ ընդգծել. - «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ զարգացող քաղաքական ու տնտեսական հարաբերությունները մոտենում են ռազմավարական դաշինքի մակարդակին։ Ամեն անգամ, երբ երկու երկրների նախագահները կամ վարչապետները հանդիպում են, այդ բանակցությունները նոր թափ են հաղորդում երկկողմ կապերին»։

Համագործակցության հաջողված օրինակներից Ռուսաստանի վարչապետի խոսնակը հատկապես առանձնացրել է էներգետիկ ոլորտն ու «Հարավային հոսք» ծրագիրը, որով նախատեսվում է ռուսական, հնարավոր է նաեւ միջինասիական գազը հասցնել Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան։

«Մենք շատ շնորհակալ ենք թուրքական կողմին այս հարցում ցուցաբերած աջակցության համար», - հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, թե շարունակվում են ակտիվ աշխատանքները նաեւ Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցման ուղղությամբ։ Այդ ծրագիրը կապում է Սեւ ծովի ափին գտնվող թուրքական Սամսուն եւ Միջերկրականի ափին գտնվող Ջեյհան նավահանգիստները եւ հնարավորություն տալիս ռուսական նավթի ուղղակի մատակարարումներ իրականացնել Սեւ ծովի հատակով` դեպի Հարավային Եվրոպա:

«Ո՞րն է միմյանց նկատմամբ այդչափ մեծ հետաքրքրության ու ուշադրության պատճառը», - հետաքրքրվել է «Գոլոս Ռոսի» ռադիոկայանի լրագրողը՝ հավելելով. - «Կարծիք կա, որ Եվրոպայից հիասթափված Թուրքիան այժմ Ռուսաստանի մեջ է տեսնում իր հետագա ռազմավարական գործընկերոջը»։

«Երբեմն հարաբերությունների նման մերձեցման պատճառ են դառնում ճգնաժամային իրավիճակները, երբեմն էլ այն փաստը, որ տարբեր ուղղություններով ի հայտ են գալիս առավել շահեկան հեռանկարներ», - ասել է Ռուսաստանի վարչապետի խոսնակն ու ընդգծել, - «Այդուամենայնիվ, պետք է նշել, որ աշխարհագրական եւ քաղաքական այսչափ կարեւոր դիրք ունեցող երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի ներուժը ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ»։

Ռուսաստանի կառավարության խոսնակը նշել է նաեւ, որ երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու են նաեւ տարածաշրջանային խնդիրները։
Ակնկալվում է, որ Էրդողանի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա նաեւ այս օրերին Ստամբուլում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Մի շարք ադրբեջանական աղբյուրներ հաղորդում են, որ երեք ղեկավարները նաեւ համատեղ եռակողմ հանդիպում են ունենալու, սակայն պաշտոնական աղբյուրները այդ տեղեկությունը դեռեւս չեն հաստատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG