Մատչելիության հղումներ

Թուրքիայում մեկնարկում է ասիական փոխգործակցության հարցերին նվիրված համաժողով


Ստամբուլի Թաքսիմ հրապարակը
Ստամբուլի Թաքսիմ հրապարակը

Ստամբուլում այսօր մեկնարկում է ասիական շուրջ երկու տասնյակ երկրների համաժողովը` տարածաշրջանում վստահության մթնոլորտ ստեղծելու եւ համագործակցության նոր ուղիներ գտնելու շուրջ:

1992 թվականին Ղազախստանի նախաձեռնությամբ ստեղծված այս կազմակերպությունը մի շարք փորձագետներ համեմատում են եվրոպական ԵԱՀԿ֊ի հետ եւ ընդգծում, որ այն բանակցությունների սեղանի շուրջ է բերում ոչ միայն եղբայրական Թուրքիայի ու Ադրբեջանի, այլեւ երկկողմ տարաձայնություններով հայտնի Հնդկաստանի ու Պակիստանի, Իրանի ու Իսրայելի, Եգիպտոսի ու Պաղեստինի ղեկավարներին:

Այս անգամ, ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն Թուրքիայի , Ադրբեջանի, Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի, Սիրիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի նախագահները, ինչպես նաեւ Ռուսաստանի վարչապետն ու Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցչները:

«Հյուրընկալելով խորհրդաժողովը` պաշտոնական Անկարան եւս մեկ անգամ ի ցույց է դնում տարածաշրջանային խնդիրները կարգավորելու իր պատրաստակամությունը», – փաստում են վերլուծաբանները եւ ընդգծում, որ հավաքի օրակարգը հագեցած է հրատապ ու խիստ կարեւոր մի շարք հարցերով: Մասնավորապես, ակնկալվում է, որ մասնակիցները կքննարկեն իրավիճակը Գազայի հատվածում, այդուամենայնիվ, ինչպես Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչն է հայտարարել, «թույլ չեն տա, որ հավաքը դառնա այդ հիմնախնդրի գերին»:

Ուշադրությունից չի վրիպի նաեւ Իրանի միջուկային ծրագիրը։ Վերլուծաբանների համոզմամբ, այդ երկրի նախագահ մահմուդ Ահմադնիեջադը, օգտվելով Ռուսաստանի վարչապետի ներկայությունից, կփորձի Կրեմլի համաձայնություն կորզել ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով հարթելու եւ Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չկիրառելու շուրջ:
«Աշխարհաքաղաքական հրատապ խնդիրներից բացի վերլուծաբանները առանձնացնում են նաեւ Անկարայի եւ Բաքվի միջեւ ակնկալվող պայմանագիրը` ադրբեջանական Շահ Դենիզ 2 հանքավայրից վառելիքի արդյունահանման շուրջ։ Համաձայնություն, որը ոչ միայն կամրապնդի երկկողմ հարաբերությունները, այլեւ հնարավորություն կտա Արեւմուտքին իրագործել «Հարավային միջանցք» ծրագիրն ու կրճատել կախվածությունը ռուսական գազից», – հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»–ը:

Նախնական հաղորդումների համաձայն, այս պայմանագիրը կողմերի միջեւ պիտի կնքված լիներ դեռեւս մայիսին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Բաքու կատարած այցի ընթացքում: Բաքուն, սակայն, վերջին պահին հրաժարվել էր ստորագրումից, պատճառաբանելով, թե կողմերը վերջնական համաձայնության չեն հանգել որոշ խնդիրների շուրջ: Արեւմտյան լրատվական գործակալությունների հաղորդմամբ, պատճառն իրականում հայ - թուրքական գործընթացն էր. Ադրբեջանի ղեկավարները սպասում էին գործընթացի հանգուցալուծմանը եւ համաձայնեցին ստորագրել պայմանագիրը միայն այն բանից հետո, երբ համոզվեցին, որ հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը մտել է փակուղի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG