Մատչելիության հղումներ

Հայաստանում տրվող կրթության որակը Իրանին չի գոհացնում


Երեւանի պետհամալսարանի կենտրոնական մասնաշենքը
Երեւանի պետհամալսարանի կենտրոնական մասնաշենքը

Իրանում հայկական դիպլոմների ճանաչման հետ կապված խնդիրները վերջնականապես հարթելու համար մեկ ամսվա ընթացքում Հայաստան կայցելի Իրանի կրթության եւ գիտության նախարարության պատվիրակությունը:

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի երեք պետական բուհերի` Երեւանի պետական, բժշկական եւ ճարտարագիտական համալսարանների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի փոխանցմամբ` խոսքը միայն պետական բուհերի մասին է, մասնավոր որոշ բուհերի դիպլոմները այնտեղ «սեւ ցուցակում» են` դրանց մասին անգամ լսել չեն ուզում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը նախ 2008 թվականին որոշում կայացրեց չճանաչել Երեւանի պետական բժշկական համալսարանի, ապա 2009 թվականին` նաեւ Երեւանի պետհամալսարանի եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի դիպլոմները:

Արմեն Աշոտյանի խոսքով` իրանցիներին Հայաստանում տրված կրթության որակը չի գոհացնում: «Հիմնավորումները` իրենց ուսանողների ցածր կրթական ցենզն էր` առաջադիմությունը ակադեմիական եւ կարգապահական խնդիրներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը:

Իրանի կողմից հայաստանյան երեք պետական բուհերի դիպլոմների չճանաչումը հանգեցրել է հիշյալ բուհերում օտարերկրյա ուսանողների թվի կտրուկ անկման, քանի որ օտարերկրյա ուսանողների մեկ երրորդը հենց Իրանից էր Հայաստան ժամանում:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի տրամադրում 2009 - 2010 թվականների տվյալները, սակայն փաստում է, որ 2007 - 2008 թվականներին հայաստանյան բուհերում 3 հազար 500 արտասահմանցի ուսանող էր սովորում, իսկ արդեն 2008 - 2009 թվականներին նրանց թիվը նվազել է 500-ով: Այս տարի էլ օտարերկրացի ուսանողների թիվը կրճատվել է, փաստում են բուհերը:

Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի վկայությամբ` 2009 - 2010 ուսումնական տարում Իրանից դիմորդ բուհը ընդհանրապես չի ունեցել, ինչը հանգեցրել է նաեւ ֆինանսական խնդիրների:

«Լուրջ ֆինանսական խնդիրներ ունեինք մենք օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքի գծով: Ըստ էության, մենք նախապատրաստական բաժանմունք չունեցանք անցյալ տարի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարուխյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության կողմից նման որոշում ընդունելը, ռեկտորի խոսքով, անակնկալ էր իրենց համար: Իրանական կողմը 2009 թվականի իր որոշման մասին ո'չ պաշտոնապես տեղյակ է պահել բուհին, ո'չ էլ հիմնավորել է: Ոստանիկ Մարուխյանը չի բացառում, որ կարգապահության հետ կապված խնդիրներ կան, իրենք էլ ամենաարդիական տեխնոլոգիաները չեն կիրառում կրթության մեջ, սակայն իրենց տված կրթությունը որակյալ է համարում եւ կարծում է` ընդունված որոշումը հանիրավի է եղել:

Ճարտարագիտական համալսարանում Իրանի հետ այս խնդիրների առաջացումը կապում են մի քանի գործոնի հետ: Նախ, ռեկտորի խոսքով, մասնավոր բուհերի տված դիպլոմներն են նաեւ պետական համալսարանի վարկանիշը գցել: Բացի այդ, համալսարանում պատահական չեն համարում, որ խնդիրները ծագել են հենց 2008 - 2009 թվականներին, երբ Հայաստանում Իրանի դեսպանատանը կրթության եւ մշակույթի հարցերով նոր կցորդն է աշխատանքի անցել:

«Դեսպանատան կրթական պատասխանատուի փոփոխության հետ մենք խնդիրներ ունեցանք: Զարմանալիորեն, միտում էր նկատվում` ուսանողների համար ստեղծել որոշակի արգելապատնեշներ», - ասաց Ոստանիկ Մարուխյանը:

Պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետությունն իր բացատրությունները չի ներկայացրել նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանին, չի տեղեկացրել նաեւ դիպլոմները չճանաչելու մասին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց այս բուհի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:

Նրա կարծիքով էլ` քննադատությունը հանիրավի է, Երեւանի պետական բժշկական համալսարանի վարկանիշը բարձր է աշխարհում. - «Մեր շրջանավարտները բավականին բարձր արդյունքներ են ցուցաբերում քննությունների ընթացքում: Երբ մեկնում են իրենց երկրները եւ քննություններ են տալիս, առաջադիմությունը շատ բարձր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG