Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Հայկական կողմի` նորացված Մադրիդյան սկզբունքները չընդունելու խնդիրը հայեցակարգային է»


Էլմար Մամեդյարով

Էլմար Մամեդյարով

Հայկական կողմի` նորացված Մադրիդյան սկզբունքները չընդունելու խնդիրը ոչ թե լեզվական բարդությունն է, այլ` հայեցակարգային, շաբաթ օրը Վենետիկում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Եթե հայկական կողմից լինի հայեցակարգային որոշում, ապա խնդիրը կարող է տեղից շարժվել: Իսկ եթե անընդհատ լինեն ինչ-որ բանից կառչելու, ձգձգելու փորձեր, ապա կլինեն բարդություններ», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանը, երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ, պատրաստ է շարունակել աշխատել այդ նորացված սկզբունքների հիման վրա` դուրս գալու համար դեպի համաձայնեցված համընդգրկուն խաղաղ պայմանագիր:

«Մեզ այժմ Ադրբեջանում պարզ է, թե որտեղ ենք մենք տեղում դոփում` տեքստի հետ կապված: Թեպետ, իմ անձնական կարծիքով, այստեղ հարցը լեզվական չէ, այլ` հայեցակարգային», - ասել է Մամեդյարովը:

Նախօրեին Վենետիկում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ, ադրբեջանական գործակալության փոխանցմամբ, «քննարկվել են բանակցությունների պահեր, որոնք դժվարություն են ներկայացնում հայկական կողմի ընդունելու համար, եւ հստակեցրել են հետագա գործողությունները»: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` միջնորդների հետ քննարկվել են նաեւ նորացված Մադրիդյան սկզբունքներում ներկայացված պահերը:

Մամեդյարովի խոսքերով` Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների` անցած տարվա դեկտեմբերին Աթենքում կայացած հանդիպման ժամանակ ներկայացնելով Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը, «անշուշտ, ակնկալում էին, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը դրական կվերաբերվեն տվյալ փաստաթղթերին, քանի որ դա երկամյա աշխատանքի եւ ինչպես արտգործնախարարների, այնպես էլ նախագահների մակարդակով կողմերի միջեւ հանդիպումների արդյունք է»:

«Ցավոք, հայկական կողմը վերջին պահին ասաց, որ իր մոտ որոշակի բարդություններ կան», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG