Մատչելիության հղումներ

Հունիսի 5-ի մամուլ


Հայաստանյան մի շարք թերթեր անդրադարձել են 17-ամյա շրջանավարտ աղջկա ողբերգական մահվանը: Նույն թերթերի տեղեկություններով` Երեւանի թիվ 12 դպրոցի աշակերտուհին հայերենի ավարտական քննությունից 7.5 միավոր ստանալուց հետո ինքնասպանություն է գործել` նետվելով պատուհանից: «Հրապարակ»-ի խմբագրականն այս կապակցությամբ գրում է. - «Պատանեկան հուսահատությունն ինչքան մեծ է եղել, որ այդպիսի ողբերգական քայլի է դիմել նա: Սա ապտակ է ոչ միայն այս այլանդակ քննական համակարգը ստեղծած եւ տարիներ շարունակ երեխաներին խոշտանգող մեծահասակներին, այլեւ ընդհանրապես մեր կրթական համակարգին, որը չնչին դժվարություններին դիմակայելու, կարեւորը երկրորդականից զատելու ունակություններ չի հաղորդում, այլ կեղծ արժեքներ ներարկելով, խեղում է մանուկների հոգիները»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ներկայումս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող` Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի հետ երեկ հանդիպել են Հելսինկյան ասոցիացիայի քրեակատարողական հիմնարկներում մոնիտորինգ իրականացնող խմբի անդամները` Միքայել Դանիելյանի գլխավորությամբ: Դանիելյանը «հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Քիրամիջյանի ինքնազգացողությունը նորմալ է, եւ նա ամենեւին ընկճված չէ: «Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու Դավիթի առողջական վիճակի պահպանման խնդիրը: Նա աջ ոտքի մասում տարիներ առաջ լուրջ վնասվածք է ստացել` կտրվել է ոտքի ներվը եւ զարկերակը: Բարդ վիրահատությունից հետո հաջողվել է միայն մասնակի վերականգնել աջ ոտնաթաթի շարժողականությունը: Արդյունքում Դավիթը մշտապես բժշկական հսկողության, մասնավորապես բուժական մերսման կարիք ունի` թաթի շարժունակությունը պահպանելու համար», - գրում է թերթը:

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում յուրովի է մեկնաբանել Ազատության հրապարակում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները` ասելով. - «Այսօր Թատերական հրապարակը զավթելու փորձեր են ձեռնարկվում։ Դրանք արտասահմանյան որոշակի ճամբարներում հատուկ պատրաստություն անցած մոտ քսան հոգանոց մոբիլ խմբեր են, որոնց սպիտակ հագուստներով անդամների միակ առաջադրանքը իրավապահների հետ բախում հրահրելն է: Կազմակերպված է նաեւ այս ամենը տեսագրելու եւ նկարահանելու աշխատանքը, իսկ տեսագրությունը համապատասխան մեկնաբանություններով որոշակի կենտրոններ փոխանցելը տեխնիկայի գործ է: Այս երիտասարդները իրավապահներին հունից հանելու հարուստ փորձ ունեն: Կարող են, օրինակ, լայն ժպտալով` հայհոյել կամ այլ անվայել գործողություն կատարել: Անհրաժեշտ եմ համարում, որ իրողությունը բացահայտելու համար նման իրավիճակներում իրավապահները եւս անպայման տեսաձայնագրություն ապահովեն»:

«Առավոտ»-ի խմբագրի ուշադրության կենտրոնում դարձյալ հեռարձակման թվայնացումն է: Նա գրում է. - «2002 թվականի ապրիլի 2-ին Ամալյանի հանձնաժողովը հեռարձակման արտոնագրից զրկեց մի հեռուստաընկերություն («Ա1+»-ին), որը 24-ժամյա եթեր ուներ` բանավոր հիմնավորում տալով, թե այդ հեռուստաընկերությունը բավարար նյութական միջոցներ չունի` հեռարձակումը շարունակելու համար: Արտոնագիրը տրվեց «Շարմ» ընկերությանը, որը, սակայն, մեկ տարի էլ չկարողացավ ապահովել եթերը (ըստ երեւույթին, նյութական բավարար միջոցներ չունենալով), եւ հեռարձակելու իրավունքը փաստորեն վաճառեց մեկ այլ սեփականատիրոջ: Եթե մի կողմ թողնենք բոլոր տեսակի քաղաքական կամ բարոյական որակումները եւ առաջնորդվենք զուտ տրամաբանությամբ, ապա հարց է ծագում` նման գործողություններից հետո արդյոք անհրաժեշտություն չի՞ առաջանում, որ ՀՌԱՀ-ը, երբ մեկից արտոնագիրը խլում է եւ մյուսին տալիս, հիմնավորի իր այդ որոշումը: Նման հարց առաջացավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` ի պատասխան «Ա1+»-ի հայցի, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում եւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակում: Նրանք միաձայն պնդում են` արտոնագրի տրամադրման մերժումը պետք է պատշաճ կերպով հիմնավորված լինի: Որքան հասկանում եմ, այդ պահանջին միանում են նաեւ ԱԺ մի շարք պատգամավորներ, ընդ որում` ոչ անպայման ընդդիմադիր: Բայց արի ու տես` էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ եւ հրաժարվում է փոփոխված օրենքում ներառել այդ պարզ եւ տրամաբանական դրույթը: Եվ դա, իհարկե, պատահական կամակորություն չէ: Վաղը, մյուս օրը տեղի են ունենալու նոր մրցույթներ, եւ, բնականաբար, պնակալեզների հանձնաժողովը մերժելու է «Ա1+»-ին արտոնագիր տալը»:

«Կապիտալ»-ը գրում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) որոշել է փակել Գետափ, Մարալիկ, Սոլակ եւ Իջեւան երկաթուղային կայարանները: Այս մասին համապատասխան հրաման է ստորագրել ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը: ՀԿԵ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը «Կապիտալ»-ին ասել է, որ խոսքը ոչ թե փակման, այլ կայարանների կոնսերվացման մասին է, ինչը պայմանավորված է ընկերության կողմից ծախսերի օպտիմալացման գործողություններով։ «Շայդուլինի հրամանում, սակայն, կոնսերվացման մասին խոսք չկա: Նա ՀԿԵ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հրամայում է ապամոնտաժել տրանսֆորմատորային կայանները եւ օգտագործել այլ երկաթուղային կայարաններում», - գրում է թերթը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG