Մատչելիության հղումներ

Օտարալեզու դպրոցների մասին վիճահարույց օրինագիծը մտավ ԱԺ-ի օրակարգ


Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում 4 ժամ տեւած քննարկումների ընթացքում հնչեցին հիմնականում բացասական գնահատականներ, սակայն քվեարկությամբ որոշվեց հաջորդ շաբաթ մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգ մտցնել Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը։

Հանձնաժողովում նախագծին կողմ քվեարկեցին բացառապես Հանրապետական խմբակցության անդամները, դեմ էին «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները, «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչը չմասնակցեց քվեարկությանը։

Առավոտյան, երբ մշտական հանձնաժողովում դեռ չէր սկսվել օրինագծի քննարկումը, Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները։

Ցուցարարները իրենց հետ բերել էին «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց», «Ազգադավ օրինագիծը հանել անդարձ» բովանդակությամբ , ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը պահանջող ցուցապաստառներ։

Կրթության եւ գիտության նախարարության կողմից ապրիլի 20-ին Ազգային ժողով ներկայացվելուց հետո լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում նախատեսվող փոփոխությունները քննադատության են արժանացել քաղաքական տարբեր ուժերի, հայտնի հասարակական եւ մշակութային գործիչների կողմից։

Անցած շաբաթ Կրթության եւ գիտության նախարարությունը լրամշակել էր օրենսդրական փոփոխությունների առաջարկը` սահմանելով, մասնավորապես, որ օտարալեզու դպրոցների թիվը չի անցնելու 15-ից, ընդ որում՝ օտարալեզու դպրոցները լինելու են միայն մասնավոր, բայց պետության վերահսկողության ներքո։ Օրինագծով սահմանվում է, որ օտարալեզու դպրոցներում դասավանդվող առարկաների մեկ երրորդը պատադիր պետք է հայերենով լինի։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամներն ասում են, որ նույնիսկ ԿԳ նախարարի կատարած լրամշակումներից հետո իրենց մտահոգությունները չեն փարատվել։

«Եթե փոխում ես լեզուն, փոխվում է նաեւ ազգը: Խնդիրն այստեղ դպրոցների քանակը չէ», - լրագրողներին ասաց նախաձեռնող խմբի անդամ, ճարտարապետ Ռուբեն Թարումյանը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանին նման օրենքը դրսից են պարտադրում։ - «Եթե մենք թույլ ենք տալիս գոնե մեկ դպրոցի բացումը, դա շղթայական ռեակցիայով բերում է նրան, որ հետո բացվում է երկրորդ դպրոցը, երրորդը, չորրորդը եւ այդպես շարունակ», - հայտարարեց Թարումյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կտրականապես հերքեց հնչեցված մեղադրանքները, մասնավորապես «դրսից պարտադրանքի» մասին՝ պարզաբանելով, թե գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս միջազգային ծրագրերով դպրոցներ բացել, մինչդեռ՝ Հայաստանում գործում են միջազգային դպրոցներ, որոնք արտոնագիր չեն ստանում, ուստի՝ ապօրինի են։

«Տարիներ շարունակ ապօրինի գործում է Quality International School դպրոցը, որը լիցենզավորված չէ, չի ճանաչվում մեր պետության կողմից որպես ուսումնական հաստատություն», - որպես օրինակ նշեց Արմեն Աշոտյանը։

Նախարարի փոխանցմամբ, կան նաեւ այլ միջազգային դպրոցներ, որոնք ցանկություն ունեն Հայաստանում գործելու, կան նաեւ մասնավոր ներդրողներ, ովքեր ցանկանում են Հայաստանում օտարալեզու դպրոց բացել, ինչպես Դիլիջանի միջազգային դպրոցն է։

«Կա խնդիր, եւ խնդիրը պետք է լուծվի», - հայտարարեց նախարարը՝ ընդգծելով, որ հարկավոր չէ կառավարության նախաձեռնության մեջ «ազգադավություն, օտարամոլություն» փնտրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG