Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց 2008-ի մարտի 1-ին զոհվածների իրավահաջորդների բողոքը


Երեւան: 1-ը մարտի 2008 թվական:
Երեւան: 1-ը մարտի 2008 թվական:

Ուրբաթ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց 2008 թվականի մարտի 1-ին «Չերյումուխա 7» հատուկ միջոցի կիրառման հետեւանով զոհված Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդների բողոքը, որով վերջիններս վիճարկում էին Հատուկ քննչակական ծառայության անգործությունը:

Դատական նիստը տեւեց ընդամենը երկու րոպե:

Զոհվածների հարազատները այսօր դատարանի դահլիճում չէին. նրանք բոյկոտել էին նիստը:

Դատարանի որոշումը փաստարկվում է նրանով, որ բողոքը «ամբողջությամբ անհիմն է», քանի որ «դեռ ընթանում է պատշաճ եւ բազմակողմանի նախաքննություն»:

Դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի խոսքով, այս անգամ էլ դատարանը «Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության ներկայացրած տեսակետների շրջանակներում է վճիռ կայացրել»:

Զոհվածներից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Քաղաքի կենտրոնում գնդակահարում են մարդկանց, բայց այսօր ասում են, որ «անհիմն է ձեր բողոքը»` պատճառաբանելով, որ գնում է նախաքննություն: Ի՞նչ նախաքննության մասին է խոսքը, եթե մենք գիտենք ե'ւ մարդասպանների անունները, ե'ւ հրաման տվողների անունները»:

2008 թվականի մարտի 1-ին 10 զոհվածներից 9-ի հարազատները դիմել էին դատարան` բողոքարկելով Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության անգործությունը, եւ պահանջել էին դատարանից պարտավորեցնել այդ մարմիններին` բացահայտել սպանության հանգամանքները:

Դատարան ներկայացված չորս խումբ բողոքներից այսօր մերժվածը արդեն երրորդն էր:

Արտակ Զեյնալյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բոլոր դատավճիռները բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG