Մատչելիության հղումներ

Հայաստանում տնտեսության գերակա ոլորտ հայտարարված զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ էական տարբերություն կա կառավարության եւ տուրիստական գործակալությունների գնահատականների միջեւ` թեեւ բոլորը հիմնվում են Վիճակագրության ազգային ծառայության տվյալների վրա:

Եվ այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած տարի Հայաստան է ժամանել 575 հազար զբոսաշրջիկ, եւ կառավարությունը, Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի փոխանցմամբ, ընթացիկ տարի ակնկալում է առնվազն 620 հազար զբոսաշրջիկների այցելություն:

«Այս տարվա մեր առաջին եռամսյակի փաստացի վիճակագրությունը արդեն իսկ տալիս է պատկերը, որ այս տարի նույնպես մենք ունենալու ենք աճ` մինչեւ 8 տոկոսի սահմաններում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Պետրոսյանը:

Ոլորտի մասնագետներն ու տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները չեն վիճարկում պաշտոնական թվերը` նշելով, այդուհանդերձ, որ կառավարությունը «մեթոդաբանական սխալ» է թույլ տալիս, եւ չի տարանջատում «այցելու» եւ «զբոսաշրջիկ» հասկացությունները:

Այսպես, որպես զբոսաշրջիկ Վիճակագրության ազգային ծառայությունը հաշվում է ե'ւ Ռուսաստանում ու ԱՊՀ-ի այլ երկրներում բնակվող Հայաստանի քաղաքացիներին, ե'ւ տարբեր միջազգային մշակութային ու մարզական միջոցառումների մասնակիցներին, ե'ւ տարեկան մի քանի անգամ Հայաստան այցելող բեռնատարիների թուրք եւ իրանցի վարորդներին, ե'ւ բուն զբոսաշրջիկներին:

Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Արայիկ Վարդանյանի խոսքով, զբոսաշրջիկների մասին խոսելիս ավելի ճիշտ է դիտարկել հյուրանոցներում իջեւանածներին. այդ դեպքում արդեն կունենանք իրականությանը ավելի մոտ պատկեր` շուրջ 65 հազար զբոսաշրջիկ:

«Իմ կարծիքով, այս թիվը մոտավորապես մեկ կարգով ավելի ցածր է կառավարության բերած թվերից եւ, կարծում եմ, 50 հազարը չի անցնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Լեւոն-Թրավել»-ի զբոսաշրջային բաժնի վարիչ Դավիթ Խաչիյանը:

Իսկ «Ավարայր» տուրիստական գործակալության նախագահ Արկադի Սահակյանը կարեւոր է համարում այն ցուցանիշը, որ անցած տարի Հայաստան մուտքի արտոնագիր ստացել է ընդամենը 137 հազար արտասահմանցի:
XS
SM
MD
LG