Մատչելիության հղումներ

Ասիական երկրների ղեկավարները հավաքվելու են Թուրքիայում


Turkey -- Sultanahmet mosque in Istanbul.

Turkey -- Sultanahmet mosque in Istanbul.

Էրդողան - Պուտին - Ալիեւ - Նազարբաեւ քառակողմ հանդիպո՞ւմ

Zaman պարբերականի փոխանցմամբ` օտարերկրացի ղեկավարներից եռօրյա համաժողովին մասնակցելու են Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը։

«Ասիայում փոխգործողության եւ վստահության ստեղծման խորհրդակցություն» կազմակերպությունը 2002 թվականին ստեղծվել է Ղազախստանի նախաձեռնությամբ, երկու նախորդ համագումարները` 2002 եւ 2006 թվականներին, տեղի են ունեցել Ալմաթիում։ Կառույցի 2010 - 2010 թվականների նախագահությունը Ղազախստանը Ստամբուլում կփոխանցի Թուրքիային։

Ակնկալվում է, որ Ստամբուլի հավաքին կմասնակցեն նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ղրղըզստանի անցումային վարչակազմի ղեկավար Ռոզա Օտունբաեւան, Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, Մակեդոնիայի նախագահ Գյորգյե Իվանովը, ինչպես նաեւ Եվրոպական միության արտգործնախարար Քեթրին Էշթոնը։

Այս գործիչները ստացել են հրավերը, սակայն նրանց, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների եւ կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Ենթադրվում է, որ Թուրքիայում կարող է տեղի ունենալ Էրդողանի, Պուտինի, Ալիեւի եւ Նազարբաեւի քառակողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային նշանակության հարցեր։

Թուրք - ադրբեջանական գործարք Շահ Դենիզի հարցով

Ստամբուլում հունիսի 7-ին նախատեսված է եւս մեկ միջոցառում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրելու է Շահ Դենիզի երկրորդ հանքավայրում գազի արդյունահանման պայմանագիրը։

Այն պետք է կնքվեր դեռ մայիսին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Բաքու կատարած վերջին այցի ընթացքում, սակայն որոշ չկարգավորված խնդիրների շուրջ վերջնական համաձայնության գալու պատճառաբանությամբ հետաձգվել էր։

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը փոխանցել էր, թե ըստ պաշտոնական Բաքվին մոտ կանգնած վստահելի աղբյուրի` հետաձգումը բացատրվել է հայ - թուրքական գործընթացով. Ադրբեջանի ղեկավարները սպասել են գործընթացի հանգուցալուծմանը եւ համաձայնել են ստորագրել պայմանագիրը` համոզվելով, որ հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը մտել է փակուղի։

Ենթադրվում է, որ հանքավայրի արդյունաբերական շահագործումը կմեկնարկի 2016 թվականին եւ կապահովի տարեկան շուրջ 16 միլիարդ խորանարդ մետր բնական վառելիք։

Արտադրանքի մոտ կեսը պատկանում է British Petroleum եւ Statoil ընկերություններին, մնացածը բաժանվում է ադրբեջանական, թուրքական, ռուսական, իրանական եւ ֆրանսիական ընկերությունների միջեւ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG