Մատչելիության հղումներ

ԿԲ-ի նախկին նախագահը «անհամատեղելի» է համարում կառավարության եւ ԿԲ-ի տնտեսական քաղաքականության ուղղությունները


Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համոզմամբ, Հայաստանի կառավարության եւ ԿԲ-ի վարած տնտեսական քաղաքականության ուղղությունները անհամատեղելի են:

Ասատրյանի պարզաբանմամբ, մինչ կառավարությունն ասում է, թե նպատակ ունի խթանել տնտեսական աճը, Կենտրոնական դրամատունը բարձր է պահում վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ամենաբարձրերից մեկը ԱՊՀ-ում, ինչի արդյունքում վարկերը թանկ են դառնում: Հետեւաբար` տնտեսվարող սուբյեկտները հրաժարվում են վերցնել այդ վարկերը:

«Երբ ամբողջ աշխարհում տնտեսական իշխանությունները քայլեր էին ձեռնարկում տնտեսության աշխուժացման [ուղղությամբ], քայլերի առանցքային հատվածը տոկոսադրույքի նվազեցումն էր», - ասաց նա:

Բագրատ Ասատրյանը նաեւ այդկերպ բացատրեց, թե ինչու է մեր տնտեսական համակարգում, տնտեսական զարգացման գործում, ինչպես ինքն ասաց` հայաստանյան բանկերի դերը ցածր:

Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը, արձագանքելով Ասատրյանի հայտարարությանը, ասաց, թե ինքը «ճիշտ հակառակ կարծիք ունի»` կառավարության եւ ԿԲ-ի վարած տնտեսական քաղաքականության ուղղությունները համադրելի են. - «Բոլորին հայտնի է, որ կառավարության հիմնական նպատակը տնտեսական աճն է, Կենտրոնական բանկի հիմնական նպատակն էլ գների կայունությունն է: Այն քաղաքականությունը, որ վարում է այսօր Կենտրոնական բանկը, բավականին հավասարակշռված է, եւ արդյունքներն ակնայտ են` ե’ւ տնտեսական աճն է բարձր ու արագացված տեմպերով գնում, ե’ւ գնաճի տեմպն է նվազում բավականին արագ տեմպերով: Կարծում եմ, այստեղ երկընտրանք կամ երկիմաստություն չկա»:

ԿԲ-ի նախկին նախագահը նաեւ մտահոգություն հայտնեց Հայաստանի արտաքին պարտքի ծավալի եւ դրա սպասարկման կապակցությամբ. - «Սպասարկման տեսանկյունից մենք առաջիկայում ակնհայտ է, որ ունենալու ենք դժվարություններ: Վստահաբար եմ ասում, որ խիստ անհանգստացնող է, եւ քայլեր, միջոցներ պետք է ձեռնարկվեն»:

Դիտարկմանը, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ, IMF) ու Համաշխարհային բանկը միշտ էլ վստահ են եղել, որ Հայաստանը խնդիր չի ունենա իր արտաքին պարտքի սպասարկման առումով, Բագրատ Ասատրյանը արձագանքեց, թե եթե ԱՄՀ-ի համար 4-5 միլիարդ դոլարը մեծ թիվ չէ, Հայաստանի համար, մինչդեռ, դրանք «սարսափելի մեծ թվեր են». - «Վերջին շրջանում ես տեսնում եմ զուտ չինովնիկական մոտեցում IMF-ի կողմից. ոնց որ եկել են, մի հատ ստորագրություն պետք է դնեն եւ հեռանան: Այնտեղ ինչ-որ աղյուսակ կա, որ, չգիտեմ, կարմիր գիծը այսքանն է, [դրան] չհասնելու պարագայում չպետք է անհանգստանաք»:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե իրենք չեն մեկնաբանում «մասնավոր անձանց եւ կազմակերպությունների գնահատականները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG