Մատչելիության հղումներ

Դինքի ընտանիքի փաստաբանը իր տանը կախված է հայտնաբերվել


Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթը (կենտրոնում) բերվում է դատարան, արխիվային լուսանկար
Դինքի սպանության համար մեղադրվող Օգյուն Սամասթը (կենտրոնում) բերվում է դատարան, արխիվային լուսանկար

Ուրբաթ առավոտյան Ստամբուլի իր տանը մահացած է հայտնաբերվել Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը` ազգությամբ թուրք 40-ամյա Հաքան Քարադաղը: Նրա դին գտել են կախված վիճակում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թուրքական Hurriyet պարբերականի լրագրող Վերժիհան Զիֆլիօղլուն, նախնական վարկածի համաձայն` փաստաբանը ինքնասպան է եղել:

Սակայն թուրքական Zaman պարբերականի փոխանցմամբ` ինքնասպանության փաստը մինչեւ այժմ պաշտոնապես չի հաստատվել:

Ինքնասպանության վարկածը չեն ընդունում նաեւ մահացած փաստաբանի հարազատները:

Zaman-ը հիշեցնում է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության վերջին նիստը, երբ փաստաբան Քարադաղի եւ Հրանտ Դինքի սպանությունը կատարելու համար մեղադրվող Օգյուն Սամասթի միջեւ վեճ էր ծագել, եւ Սամասթը, ձեռքի սպառնալից շարժում կատարելով, ասել էր. - «Լավ կլինի մի օր այցելես բանտ»:

«Այս փաստի առնչությամբ փաստաբանը դատարանին պաշտոնական բողոք էր ներկայացրել: Բայց ամբաստանյալ երիտասարդը հայտարարել էր, թե նա «սպառնալու» իմաստով չի արել այդ արտահայտությունը», - գրում է Zaman-ը:

Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականին:

Նրա սպանության գործով դատավարությունը դեռեւս ընթացքի մեջ է: Գործով անցնում է շուրջ երկու տասնյակ մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG