Մատչելիության հղումներ

Լրացավ Ուկրաինայի նախագահի պաշտոնավարման 100 օրը


Վիկտոր Յանուկովիչը հանդես է գալիս ուղերձով, Կիեւ, 3-ը հունիսի, 2010թ.
Վիկտոր Յանուկովիչը հանդես է գալիս ուղերձով, Կիեւ, 3-ը հունիսի, 2010թ.

Որպես Վիկտոր Յանուկովիչի կառավարման 100 օրերի անվիճելի ձեռքբերում փորձագետները նշում են իշխանության ուղղահայացի վերականգնումը երկրում, որպես ձախողում` հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթի նախընտրական խոստումների չիրագործումը:

Նրանք նշում են, թե արձակած առաջին հրամանագրերից մեկով Ուկրաինայի նախագահը իր աշխատակազմի թվաքանակը կրճատեց, բայց բնակչության պարտքերն ամբողջությամբ վճարել նրան չհաջողվեց, սոցիալական ուղղվածության խոստումները դեռեւս մնում են թղթի վրա:

Չնայած այդ ամենին` Ուկրաինայի նոր նախագահը բավական հավակնոտ ծրագրեր ունի: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` նա, մասնավորապես, հայտարարել է, որ իր նախաձեռնած բարեփոխումների արդյունքում 10 տարի անց Ուկրաինան աշխարհի 20 ամենազարգացած երկրների շարքում է հայտնվելու:

Պաշտոնավարման 100 օրվա նախօրեին` հինգշաբթի օրը Գերագույն ռադայում հնչեցրած իր ուղերձում Յանուկովիչը վերահաստատել է նախընտրական խոստումներին հավատարիմ մնալու հաստատակամությունը եւ խոստացել արմատական բարեփոխումներ անցկացնել:

Վիկտոր Յանուկովիչի բնորոշմամբ` 2010-ի ընտրությունները Ուկրաինայում վերջ դրեցին «վայրի կապիտալիզմին»:

«Օլիգարխները, լոբբիստները եւ ազդեցություն վայելող այլ խմբեր այսուհետեւ մնացած բոլորի հետ նույն գծի վրա պետք է կանգնած լինեն», - վստահեցրել է նա:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության ղեկավար Իրինա Խալուպան կարծում է, որ այս օրերի ընթացքում Վիկտոր Յանուկովիչի մի քանի քայլեր հստակ` Ուկրաինային արեւմտյան ինտեգրացիայի ճանապարհից շեղելու նպատակ ունեն, մղելով նրան դեպի պաշտոնական Մոսկվայի հետ ջերմ հարաբերությունների ուղի:

Խալուպան հիշեցնում է իշխանական թեւից հնչող այն տեսակետները, թե ՆԱՏՕ-ին անդամակցելը Ուկրաինայի համար այլեւս քաղաքական առաջնահերթություն չէ:

Լրագրողը անդրադառնում է նաեւ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի` Սեւաստոպոլում գտնվելու ժամկետների երկարաձգման մասին վերջին պայմանավորվածությունը: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ըստ նրա, հասկացրել էր, որ ռուսական կողմի հետ 2017-ին սպառվող պայմանագրի ժամկետները չեն երկարաձգվի, այնինչ Յանուկովիչը, նոր պայմանավորվածության համաձայն, ռուսական ներկայությունն այնտեղ ապահովեց մինչեւ 2042 թվականը:

Մի քանի այլ նկատառումների շարքում «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության ղեկավարը նշում է նաեւ երկրում թափ հավաքող` ռուսերենը առավել ուժեղացնելու նոր միտումը:

Իրինա Խալուպայի կարծիքով` դեպի Ռուսաստան շրջվելու մասին են վկայում նաեւ Ուկրաինայում ռուսական ներդրումների աճը, ռուսաստանյան «Գազպրոմ»-ը եւ ուկրաինական պետական «Նավթոգազ»-ը միավորելու ծրագրերը:

Բայց ինչպես գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում նկատել է «Էքսպերտ» պարբերականի գլխավոր խմբագիր Անդրեյ Բլինովը, Յանուկովիչը կատարել է իր առջեւ դրված մինիմալ առաջադրանքը` կարողացել է Ռուսաստանի հետ պայմանավորվել գազի գնի նվազեցման շուրջ:

Ուկրաինական ընդդիմությունը, սակայն, «քայքայիչ» է որակել Վիկտոր Յանուկովիչի պաշտոնավարման 100 օրը. այս գնահատականը հնչեցրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG