Մատչելիության հղումներ

Հունիսի 4-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «3 օր է ` հանրապետության գլխավոր իրադարձությունը Ազատության հրապարակի դեպքերն են եւ դրան հաջորդող խայտառակ իրադարձությունները: Իսկ երիտասարդ լրագրողուհի ձերբակալությունը ու 3 օր մեկուսարանում պահելը ընդհանրապես ոչ մի բարոյական շրջանակի մեջ չի տեղավորվում: Ոստիկաններն այս օրերին արդարանում են` իսկ ի՞նչ է, մենք չենք կարող, բայց մեզ կարելի՞ է ծեծել, վիրավորել: Ասում են, որ իրենք ամենաանպաշտպան խավն են` ով տեղից վեր է կենում` բշտում է, ծաղրում, քննադատում: Պատմում են, որ ոստիկանություն հրավիրված քաղաքացիները չեն գալիս, ցուցմունք չեն տալիս, իրենց չեն աջակցում հանցագործությունները բացահայտելիս... Մի բան փաստ է, որ ինչ-որ սահման ենք հատել, անթույլատրելի սահման, որից անդին անարխիան է, անբարոյականությունը, մարդկային արժանապատվության ոտնահարումն ու կյանքի վտանգումը: Ե՞րբ ենք հատել այդ սահմանը: Գուցե այն պահին, երբ լրագրող աղջկա ձեռքերը ոլորելով տարանք բա՞նտ: Գուցե այդ սահմանը անցանք այն պահին, երբ Օպերայի հրապարակից հեռացող մարդկանց սկսեցինք հետապնդել, հալածել ու դագանակներով հարվածե՞լ: Գուցե դա եղավ ավելի՞ ուշ, երբ կրակելու հրաման ստացած զինվորականները զենքը նետելու եւ հրամանի դեմ ընդվզելու փոխարեն հնազանդորեն կատարեցին այն: Իսկ գուցե ճակատագրականը ա՞յն պահն էր, երբ տարեց կանայք սկսեցին անիծել իրենց որդիների տարիքի լեյտենանտներին: Դժվար է ասել»:

«Իրավունք»-ի հետ զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Հիմա դեպքեր կան, երբ որ տեսնում ենք, որ իրոք սադրանքներ են լինում ոստիկանության նկատմամբ, ընդ որում, ես չեմ խոսի շաբաթ եւ կիրակի օրերի մասին, քանի որ մենք այնտեղ չենք եղել, թեեւ ե'ւ ոստիկանության, ե'ւ ցուցարարների տեղեկատվությունը իրարամերժ են: Բայց ես կարող եմ խոսել մայիսի 31-ի եւ հունիսի 1-ի մասին: Ամսի 31-ին միանշանակ սադրանք եղել, որովհետեւ ոստիկանությունը ընդամենը մոտեցավ եւ մի քանի հոգու հրավիրեց ոստիկանություն, ու երբ մենք պարզեցինք, թե ինչու են նրանց հրավիրել, պարզվեց, որ դրա նախորդ օրվա կապակցությամբ գործեր կան հարուցված, եւ այդ մարդկանցից բացատրություն պետք է վերցվեր», - ասել է Հարությունյանը` շարունակելով. - «Պարզապես մեր երկրում մի իրավիճակ է ստեղծվել, որ չգիտես ինչու միշտ մեղավորը իշխանավորն է: Եթե իշխանությանը քննադատում ես, ուրեմն ճիշտ ես: Մենք միշտ նշել ենք, որ ժողովրդավարական պետություն չենք, մենք անցումային շրջանում ենք եւ խնդիրներ շատ ունենք: Բայց դա չի նշանակում, որ պետք է կանխավ ոստիկանությանը մեղավոր հանես: Դրա համար մեզանից ինչ-որ տեղ դժգոհում են, որովհետեւ մենք միշտ տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք, այն ոչ թե այն, ինչ որ ուրիշները կցանկանային, որ մենք տեսնեինք»:

«Կապիտալ»-ը հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանին հարցնում է. - «Հայաստանում հնարավո՞ր է պայթյուն»: Պասկեւիչյանը պատասխանում է. - «Հավանականությունը մեծ է: Հենց պայթյունի հավանականությունը զգալով է, որ իշխանությունները փորձում են ցրել քաղաքացիական շարժման ֆոկուսը՝ լուծելով խմբային զբաղվածության խնդիր՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ, օտարալեզու դպրոցներ եւ այլն։ Պայքարի համընդհանուր դաշտը մասնատում են, որպեսզի հետին պլան մղվի արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Այս եւ գալիք նմանատիպ պայքարներում հնարավոր են նույնիսկ հաղթանակներ։ Ես չեմ նսեմացնում ո'չ այդ պայքարների, ո'չ էլ հաղթանակների նշանակությունը, բայց ուզում եմ, որ հասարակական խմբերը չտարվեն մանր, երբեմն՝ արհեստական հաղթանակներով եւ չմոռանան, որ Հայաստանում որևէ բան փոխելու համար արմատական փոփոխություններ են անհրաժեշտ»։

Իր ֆուտուրոլոգիական խմբագրականում «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. - «Ենթադրենք` միջազգային ճնշումները շարունակեցին ուժեղանալ, Սերժ Սարգսյանն էլ ինչ-որ պահի չդիմացավ, ուղերձով դիմեց ժողովրդի եւ բացատրեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, մեզ խաղաղություն է պետք, եւ ինքը մտադիր է ազատագրված շրջաններից մի երկուսը վերադարձնել` ինչ-որ բաների դիմաց: Հասկանալի է, չէ՞, որ հենց հաջորդ օրը Շարմազանովից բացի բոլորը պահանջելու են նրա հրաժարականը: Բայց հարց է ծագում` ի՞նչ են առաջարկելու փոխարենը: Դաշնակներն ու Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, առաջարկելու են ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, այսինքն` առաջարկելու են ոչինչ չանել: Սակայն փաստն այն է, որ Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելուց հետո ոչինչ չանելը հարցի լուծում չէ: Խնդիրը այն չէ` Ղարաբաղի հարցում անցանկալի զարգացումների դեպքում հնարավո՞ր է լինելու Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրել, թե ոչ: Դա «մեկից մեկ» լուծվող հարց է: Խնդիրն այն է, թե ի՞նչ ենք անելու հետո»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի վերաբերյալ «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «Մեր երկրի նախագահը Բրյուսելում ամենաբարձր մակարդակի հանդիպումների ժամանակ միանգամայն հստակ մատնանշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, իսկ այս իրողությունը չճանաչելը ենթադրում է դաշտային հրամանատարների այլընտրանքը։ Մեր երկրի արտգործնախարարը միանգամայն ստույգ է ընդգծել, որ զեկույցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող դրույթները համահունչ չեն Մադրիդյան սկզբունքներին, լ’Ակվիլայի հայտարարությանն ու Մոսկվայի հռչակագրին։ Պատկերն ամբողջացնելու համար եւս մեկ մանրամասն բացահայտեմ։ Եվրախորհրդի բանաձեւերի նախագծերում փոփոխությունների առաջարկներ կարող են անել բոլոր ֆրակցիաների անդամները։ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ է նաեւ իր հակառուսական դիրքորոշումներով հայտնի Լատվիայի պատգամավոր տիկին Վայդերեն։ Այս տիկինն իր հիվանդագին ռուսատյացությունը տարածում է նաեւ բոլոր այն երկրների վրա, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են։ Նա նաեւ «Ադրբեջանի բարեկամներ» խմբի անդամ է»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG