Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը չի խոչընդոտում Վարդգես Գասպարիի նստացույցը Ազատության հրապարակում


Վարդգես Գասպարին նստացույց է անցկացնում Ազատության հրապարակում

Վարդգես Գասպարին նստացույց է անցկացնում Ազատության հրապարակում

Ոստիկանությունը մի քանի օր շարունակ ընդդիմադիրներին արգելում էր մուտք գործել Երեւանի Ազատության հրապարակ։ Հինգշաբթի օրը, սակայն, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարիին հաջողվեց առանց խոչընդոտների նստացույց անցկացնել Թումանյանի արձանի մոտ։

Ընդդիմադիր ակտիվիստը ցուցանակներ էր պարզել, որոնցով, մասնավորապես, պահանջում էր «դադարեցնել խոշտանգումները ազատազրկման վայրերում», վերաբացել «Ա1+» հեռուստաընկերությունը։

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատության» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ այսօր ոստիկանությունը չի խոչընդոտում Գասպարիի ակցիան, պատասխանեց՝ «թող նստի, ի՞նչ է պատահել»։

Ակցիային այլ ցուցարարներ չմիացան, որովհետեւ ընդդիմության շուրջ 5 տասնյակ ակտիվիստներ Սարյանի արձանի մոտ սպասում էին այսօր ազատ արձակված «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանին եւ նրա եղբորը՝ Սարգիս Գեւորգյանին, ովքեր ձերբակալվել էին երկուշաբթի օրը։ Վերջիններս Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մոտ սպասում էին նույն օրը իրենց հետ ձերբակալված ՀԱԿ-ի ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի խափանման միջոցի վերաբերյալ դատավճռին։

Ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման առնչությամբ շուրջ երկու տարի փակ մնացած Ազատության հրապարակը վերաբացվեց անցած շաբաթ։ Ոստիկանությունը մի քանի օր շարունակ արգելում էր ընդդիմության երկու-երեք տասնյակ ակտիվիստների մուտքը Ազատության հրապարակ։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG