Մատչելիության հղումներ

Բաքվում կայացել է Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահների հանդիպումը


Ադրբեջան - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը (աջից) Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, արխիվային լուսանկար
Ադրբեջան - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը (աջից) Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, արխիվային լուսանկար

Հինգշաբթի օրը Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` առանձնազրույցի ընթացքում Ալիեւը եւ Լուկաշենկոն գովեստով են խոսել երկու երկրների հարաբերությունների մասին, քննարկել են երկկողմ եւ միջազգային խնդիրներ:

«Մեր կապերը շատ արագ եւ դրական են զարգանում: Մենք հաջողությամբ բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացնում», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Մեր ժողովուրդների սերտ համագործակցության, միմյանց աջակցելու` երկար տարիների պատմություն ունեցող բարի ավանդույթը պահպանվում եւ զարգանում է` չնայած առկա բարդ պայմաններին», - հայտարարել է Լուկաշենկոն:

Առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով` երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Բելառուսում Ադրբեջանի դեսպան Ալի Նագիեւն Լուկաշենկոյի այցի նախօրեին ասել էր, որ Բաքվում քննարկվելու է էներգետիկայի բնագավառում համագործակցության հեռանկարը։ Բաքվում այս օրերին աշխատում է ադրբեջանա-բելառուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովը, որը համանախագահում են փոխվարչապետներ Յաղուբ Էյուբովն ու Անդրեյ Կոբյակովը։

Իսկ Մինսկում է գտնվում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը, որը հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին։ Վերջինս գոհունակությամբ ասել է, թե չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին` անցյալ տարի երկու երկրների միջեւ ապրանքափոխանակությունը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ որոշ չափով աճել է։ «Թրենդ»-ը նշում է, որ 2009 թվականին Ադրբեջանի եւ Բելառուսի փոխադարձ առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 120 միլիոն դոլար։

Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանը եւ Բելառուսը ստորագրելու են մի շարք համաձայնագրեր տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական ապահովության, բնապահպանության եւ վիճակագրության բնագավառներում։

Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահ Իլհամ Ալիեւից բացի ընդունելու է նաեւ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն։ Բելառուսի ղեկավարը Բաքվում կայցելի մի շարք արդյունաբերական եւ մշակութային օբյեկտներ։

Լուկաշենկոյի այցը Ադրբեջան ավարտվում է ուրբաթ օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG