Մատչելիության հղումներ

Իսրայելը ազատ է արձակում «Ազատության նավատորմիղի» ձերբակալված ակտիվիստներին


Թուրքիա -- Ստամբուլի օդանավակայանում ցուցարարները ողջունում են Իսրայելից վերադարձող ակտիվիստներին, 3-ը հունիսի, 2010թ.

Թուրքիա -- Ստամբուլի օդանավակայանում ցուցարարները ողջունում են Իսրայելից վերադարձող ակտիվիստներին, 3-ը հունիսի, 2010թ.

Թուրքիա են վերադարձել Իսրայելի կողմից Գազայի հատված ուղեւորվող նավերի վրա ձերբակալված պաղեստինամետ ակտիվիստները, վիրավորները։ 9 սպանվածների մարմինները եւս բերվել են Թուրքիա։

«Ասոշիեյթեդ փրես»-ը հաղորդում է, որ սպանվածները թուրքեր են, նրանցից 8-ը Թուրքիայի քաղաքացի է, մեկը՝ ազգությամբ թուրք ԱՄՆ-ի քաղաքացի։

Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրող մահմեդական հիմնադրամի ղեկավար Բյուլենեթ Յիլդիրիմը ասել է, թե սպանվածներից 1-ը լրագրող է՝ Ջեւդեթ անունով։

«Նրան սպանեցին հենց լուսանկարելու պահին, նրա վրա կրակեցին մեկ մետրից ու նրա ուղեղը ցրիվ եկավ... մեր մյուս ընկերներից մեկը սպանվեց հանձնվելուց հետո», - պատմել է նա՝ շեշտելով, թե սպանվածների թիվը կարող է ավելին լինել, քան պաշտոնապես հայտարարվում է։

Sidney Morning Herald թերթի լրագրող, ավտրալացի Պոլ ՄըքՋեֆը, ով գտնվել է նավերից մեկի վրա, նույնպես ասել է, որ իր գործընկերոջ վրա կրակել են։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, զոհերի մարմինների հետազոտությունը ցույց է տվել, որ բոլորը սպանվել են հրազենային կրակոցներից։

Նախօրեին Իսրայելը որոշեց ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։ Դա Թուրքիայի պահանջներից մեկն էր։ Իսրայելի պաշտոնյաները հաղորդում են, որ «Ազատության նավատորմիղի» 6 նավերի վրա 682 մարդ է եղել 42 երկրից։

Ու արդեն կեսգիշերից անց 3 օդանավերով մոտ 500 մարդ հասավ Թուրքիա։

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում նրանց դիմավորեցին որպես հերոսների։ Օդանավակայանում մոտավորապես հազար մարդ էր հավաքվել, այնտեղ էր նաեւ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընջը, ով այդ առիթով ասել է. - «Նրանք հանդիպեցին բարբարոսության ու դաժանություն, բայց վերադառնում են հպարտությամբ»։

Հազարավոր մարդիկ առավոտյան հավաքվել են նաեւ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում` պարզելով Թուրքիայի ու Պաղեստինի դրոշները եւ հնչեցնելով հակաիսրայելական կարգախոսներ։

Իսրայելից Թուրքիա վիրավորներ տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Անկարայում։ Թուրքիայի 19 քաղաքացի է վիրավորվել։ Անկարայում նրանց դիմավորել են Թուրքիայի արտգործնախարարն ու առողջապահության նախարարը։

Հինգշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասել է, թե «Իսրայելը կարող է կորցնել իր ամենակարեւոր ընկերներից մեկին, եթե չփոխի իր մոտեցումները»։

Էրդողանը նաեւ հայտարարել է. - «Թուրքիան աչքերը չի փակի 9 ակտիվիստների մահվան վրա»։

Մինչդեռ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ասել է, որ այս ակտիվիստները «բռնությունների ու ահաբեկչության աջակիցներ են»։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, ակտիվիստները հրազեն են գործածել իսրայելցի զինվորականների դեմ։

Կիպրոսից, Իռլանդիայից Պաղեստինի աջակից ակտիվիստները հայտարարել են, որ գալիք շաբաթ օրը պլանավորում են նոր արշավ դեպի Գազայի հատված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG