Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցի վերլուծաբանները կանխատեսում են Բրայզայի դիրքորոշումը դեսպանի պաշտոնում


Մեթյու Բրայզա

Մեթյու Բրայզա

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրման մասին լուրը ադրբեջանցի վերլուծաբանների մի մասն ընկալել է անթաքույց ուրախությամբ։

«Ես որեւէ հիմք չունեմ պնդելու, որ այս պաշտոնում Բրայզան չեզոք դիրք է բռնելու։ Մինսկի խմբում նրա գործունեությունը ակնհայտորեն ցույց է տվել, որ Մեթյու Բրայզան միշտ էլ հակված էր ադրբեջանական, եւ ոչ թե հայկական դիրքորոշումների պաշտպանությանը։ Իր պաշտոնավարման ընթացքում Բրայզան կդառնա Ադրբեջանի թիվ մեկ բարեկամը», - ասել է ադրբեջանցի քաղաքագետներից Մուբարիզ Ահմեդօղլուն։

Մեկ այլ բաքվեցի քաղաքագետ` Զարդուշտ Ալիզադեն նման պնդումների հետ կտրականապես համաձայն չէ։ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հացազրույցում Ալիզադեն նշում է. - «Որեւէ լուրջ քաղաքական գործիչ ու քաղաքագետ չի պնդում, որ Բրայզան ադրբեջանամետ գործիչ է։ Միայն քաղաքականությունւց շատ հեռու եւ միամիտ մարդը կարող է նման բան ասել։ Բրայզան ամերիկամետ է, նա ամերիկյան կառավարության ներկայացուցիչն է եւ բնականաբար ներկայացնելու Միացյալ Նահանգների կառավարության շահերը»:

Ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, մտավախություն ունեն, որ Բրազայի սպասվող նշանակումը իսկական նվեր կդառնա նախագահ Իլհամ Ալիեւի թիմի համար։ Բանն այն է, որ Բրայզան բարեկամական ջերմ կապերի մեջ է Ալիեւի վարչակազմի մի շարք առանցքային ներկայացուցիչների, նախեւառաջ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս հանգամանքը ադրբեջանական ընդդիմությանը մտահոգում է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։

Բաքվում գործող «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլույի կարծիքով, ընդդիմադիրների այս մտավախությունն այնքանով է տեղին, որ Ադրբեջանում հավատարմագրված ամերիկացի դիվանագետները միշտ էլ խուսափել են երկրի ներքին անցուդարձին միջամտելուց։

«Եթե նա [Բրայզան] որդեգրի նախորդ դեսպանների մոտեցումը, խնդիրներ չեն ծագի։ Այունահանդերձ, նորանշանակ դեսպանը պարտավոր է լինելու հետեւել քաղաքական այն ուղենիշին, որ կթելադրվի Վաշինգտոնից», - համոզված է քաղաքագետը։

«Մի մոռացեք, որ Բրազյայի նշանակումից մի քանի ամիս անց Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են։ Եվ եթե այս ընտրություններում եւս խախտումներ լինեն, ապա Պետդեպարտամենտը կրկին հանդես է գալու կտրուկ հայտարարություններով։ Իսկ դա կարող է է’լ ավելի խաթարել ջերմությամբ աչքի չընկնող երկկողմ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները։ Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կառավարությունը հանդես կգա պատասխան հայտարարություններով։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ հետընտրական շրջանում Բրայզան խնդիրներ է ունենալու մեր կառավարության հետ», - կարծում է Շահինօղլուն:

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրման մասին լուրը ադրբեջանցի վերլուծաբանների մի մասն ընկալեց անթաքույց ուրախությամբ։

Ի տարբերություն վերլուծաբանների, պաշտոնական Բաքուն չի թաքցնում, որ Բրայզայի նշանակման հետ լուրջ հույսեր է կապում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը նշում է. - «Բրազյան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ է եղել, նա քաջածանոթ է մադրիդյան սկզբունքներին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոտեցումներին։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ Բրայզայի պաշտոնավարման դեպքում Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կբարելավվեն»:

Զարդուշտ Ալիզադեյի համոզմամբ, սակայն, երկկողմ հարաբերությունների կարգավորումը այս կամ այն դիվանագետի անձից կախված չէ։

«Ադրբեջանական ղեկավարության ընտրած քաղաքական ուղենիշը ես այնքան էլ ճիշտ չեմ համարում։ Խոսքը պարզունակ կողմնորոշումների մասին չէ` արեւմտամետ կամ ռուսամետ։Պետք է արմատապես փոխել Ադրբեջանի մոտեցումները Ղարաբաղի, Հայաստանի, ողջ աշխարհի հանդեպ։ Այդ փոփոխությունների հիմքում պետք է լինի ադրբեջանական պետության, հասարակության ժողովրդավարացումը։ Միայն ժողովրդավարական Ադրբեջանն է ի վիճակի արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնել», - նշում է Ալիզադեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG