Մատչելիության հղումներ

Կաղանդ պապը կկենդանանա հայկական նոր հեքիաթներում


«Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ Րաֆֆի Նիզիբլյան

«Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ Րաֆֆի Նիզիբլյան

Կաղանդ պապը չի փոխարինելու ձմեռ պապին եւ Սանտա Կլաուսին, քանի որ նրանք արդեն մեծ ճանաչում ու սեր են վայելում երեխաների շրջանում, բայց Կաղանդ պապը մեր ազգային ձմեռ պապը կլինի: Այս համոզմամբ` «Կանաչաստան» հասարակական կազմակերպության անդամները դեռ անցած տարի հայտարարել էին Կաղանդի պապի կերպարի վերհանման ու վերականգնման մրցույթ, իսկ այս տարի վերամշակված կերպարին կենդանություն են տալու:

Կաղանդ պապի կերպարը վերականգնվել է ազգագրական արխիվներում պահպանված տեղեկությունների հիման վրա: Ու քանի որ սա ազգային արժեքները, ծիսական համարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է, հիմա էլ «Կանաչաստան»-ը նախաձեռնել է Կաղանդ պապի մասին պատմող հեքիաթների մրցույթ:

«Կաղանդ պապն ու հեքիաթի մյուս հերոսները միասին պատրաստվելու են նշել Ամանորը», - ասաց կազմակերպության անդամ Հասմիկ Կարապետյանը:

«Կաղանդ պապի հեքիաթ» ստեղծագործական մրցույթի համար ընտրվել ու մրցույթին մասնակցել ցանկացողներին ներկայացվելու են նաեւ հորինված, բայց հայկական հին ու նոր հեքիաթներում արմատներ ունեցող մի շարք այլ կերպարներ: Մասնավորապես` Կաղանդ պապին ընկերակցելու են խլվլիկներն ու արալեզները:

«Արալեզը հանդես է գալիս որպես ներքին ձայն, իսկ խլվլիկների շարքում են, օրինակ, Երան, Անին, Փուշը, Եղեգը, Արեգը եւ այլն», - պատմեց Հասմիկ Կարապետյանը :

«Այս կերպարներն իրենց հետ կբերեն կարեւոր արժեքներ` բարություն, ազնվություն, ինչը պետք է ոչ միայն երեխաներին, այլեւ մեր ողջ հասարակությանը: Մենք հայկական ազգային հերոսների պակաս ունենք», - կարծում է «Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ Րաֆֆի Նիզիբլյանը:

Մրցույթին մասնակցել ցանկացողներին կազմակերպիչները բաժանում են 3 խմբի` մինչեւ 15 տարեկան երեխաներ եւ պատանիներ, սիրողական ստեղծագործողներ եւ մասնագետ սցենարիստներ կամ գրողներ: Հեքիաթները պետք է ներկայացնել մինչեւ հունիսի 30ը:

XS
SM
MD
LG