Մատչելիության հղումներ

«Վերջին տասնհինգ տարվա համեմատ այս տարի վիճակը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ամենավատն է», - հինգշաբթի օրը հանդիպելով լրագրողների հետ` հայտարարեց Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:

Վերջինիս խոսքով, իհարկե գյուղատնտեսության ոլորտում չեն կարող չլինել ռիսկեր, գյուղատնտեսությունը արտադրություն է բաց երկնքի տակ, բայց կան մասնագիտական մոտեցումներ, որոնք ունեն կանխարգելիչ նշանակություն՝ հիվանդությունների դեմ պայքար, հակակարկտային ծառայության գործարկում եւ այլն, որը չի արվել։

«Այդ հիվանդությունների դեմ կարելի էր սրսկումներ անել ժամանակին, որը չարվեց։ Արդյո՞ք ժամանակին գյուղացուն տեղյակ պահեցին, թե ինչ բուժանյութեր օգտագործել, որ էֆեկտիվությունը բարձր լիներ։ Բայց արդյո՞ք մենք պատրաստ էինք այս հիվանդություններին։ Այստեղ արդեն պետության հարցն է դրված, բնագավառի ղեկավարների գիտելիքների հետ կապված պրոբլեմը»,- նշեց Բերբերյանը։

Նախօրեին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը հայտարարեց, թե կրծողների, այլ վնասատուների դեմ պայքարը իրականացվում է կազմակերպված ու հստակ։ - «Անհոգ եղեք, մենք մեր գյուղացիների կողքին ենք», - ընդգծել էր նախարարը:

«Ես երեկ եմ եկել Ախուրյանից, ինչ ասում եմ՝ իմ աչքի տեսածն է», - արձագանքեց Հրաչ Բերբերյանը՝ խոսելով իր այցելած գյուղերում «խայտառակ» վիճակի մասին։ - «Կրծողների մասին. եթե վաղը պայքարը չսկսենք, մյուս օրը ուշ կլինի։ Գյուղնախարարությունը կրծողների դեմ պայքարի համար ունի 300 միլիոն [դրամ]։ Այդ գումարով թունաքիմիկատը պետք է ժամանակին ներկրվեր, սուբսիդիայի, դոտացիայի միջոցով բաժանվեր գյուղացուն ու ասվեր՝ դու քո հողում կրծողների դեմ պայքարի։ Ցավոք, այդ մեխանիզմները մենք չունենք»։
XS
SM
MD
LG