Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը ոստիկանները հերթական անգամ մոտ երկու տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներին արգելեցին մուտք գործել Երեւանի Ազատության հրապարակ։ Ավելին, այս անգամ ընդդիմադիրներին թույլ չտվեցին նույնիսկ հատել Մաշտոցի պողոտան Օպերայի շենքի դիմացի հատվածով։

«Թատերական հրապարակ քաղաքացիների մուտքը չի արգելվում», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը՝ հավելելով. - «Իսկ իրենք [ընդդիմադիրները], կարգ էին խախտում, մասսայական անկարգություն էին անում»։

Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ընդդիմադիր ակտիվիստները դեռ մուտք չեն գործել Ազատության հրապարակ, Օսիպյանը շեշտեց. - «Ուրեմն ես ձեզ ասեմ, իրենք որտեղ կան՝ այնտեղ անկարգություն կա»:

Ազատության հրապարակ մուտք գործելու ապարդյուն փորձերից հետո Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը, ով առաջնորդում էր ընդդիմադիրներին, հայտարարեց. - «Հերթական անգամ դուք բոլորդ ականատես դարձաք, որ իշխանությունները` ի դեմս ոստիկանության, խախտում են Հայաստանի օրենքները: Մասնավորապես, Սահմանադրության հիմնական կետերը` ազատ տեղաշարժի վերաբերյալ: Այսինքն՝ սահմանափակումներ են մտցվում ինչ-որ մարդկային կատեգորիաների նկատմամբ»։

Ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման առնչությամբ շուրջ երկու տարի փակ մնացած Ազատության հրապարակը վերաբացվեց անցած շաբաթ։ Ընդդիմությունը արդեն 6-րդ օրն է փորձում երկու-երեք տասնյակ ակտիվիստների մասնակցությամբ բողոքի ակցիա՝ նստացույց անցկացնել Ազատության հրապարակում, որը Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրման պահից ի վեր ծառայել է որպես երկրի հիմնական քաղաքական միջոցառումների, ակցիաների եւ հանրահավաքների անցկացման վայր։

Ոստիկանությունը մայիսի 28-ին փորձեց խոչընդոտել բողոքի ակցիայի անցկացումը, սակայն այն տեղի ունեցավ։

Հետագա օրերին ընդդիմադիրները մուտքը հրապարակ առհասարակ արգելվեց, իսկ անհնազանդներին ոստիկանները մի քանի ժամով բերման էին ենթարկում ոստիկանության բաժանմունք։

Երկուշաբթի օրը, այլ ընդդիմադիրների հետ, բերման ենթարկված լրագրող Անի Գեւորգյանը, նրա եղբայրը` Սարգիս Գեւորգյանը եւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը ձերբակալվեցին։ Նրանց առայժմ մեղադրանք չի ներկայացվել, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG