Մատչելիության հղումներ

Հայաստանը մտադիր է այս տարի մինչեւ 200 հազար գլուխ ոչխար արտահանել Իրան


Գյուղատնտեսության նախարար ԳԵրասիմ Ալավերդյանը:

Գյուղատնտեսության նախարար ԳԵրասիմ Ալավերդյանը:

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի այս տարվա ընթացքում ապահովվի մինչեւ 200 հազար գլուխ ոչխարի արտահանումը Իրան։

Անցած տարի, երբ սկսեցին Հայաստանից ոչխար արտահանել Իրան, Հայաստանում բարձրացան ոչխարի եւ գառան մսի գները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանը, այս տարվա առաջին 4 ամիսներին արտահանվել է 20 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Պրոֆեսոր Հովհաննիսյանը միաժամանակ հերքեց լուրերը, թե արտահանվում են նաեւ մայրացու ոչխարներ:

«Միանշանակ ես հերքում եմ, որ իրանցիները գնում են վերարտադրության համար մայր ոչխարներ», - հայտարարեց նա` պարզաբանելով. - «Քանի որ հղի ոչխարը մսեղեքի վերածելիս ավելի շատ կորուստներ են ունենում: Նրանք գերադասում են բացառապես մսեղեքի, մորթի համար ենթակա ոչխարներ»:

Աշոտ Հովհաննիսյանի խոսքով, ոչխարների արտահանման առումով այս տարին խիստ բարեհաջող է սկսել, եւ մինչեւ մայիսի 9-ը արտահանվել է շուրջ 22 հազար գլուխ ոչխար։

«Դրանցից 17 հազարը Վրաստանից ներմուծված եւ տարանցիկ ճանապարհով Իրան արտահանված ոչխարներ են: Սակայն մայիսի 9-ին Իրանում արձանագրվեցին ոչխարների հիվանդության դեպքեր, եւ հարեւան երկիրը փակել է իր սահմանները եւ ներկայումս ներմուծում չի իրականացնում: Մենք կարծում ենք, որ դա ժամանակավոր բնույթ է կրում եւ երկու-երեք ամսից ճանապարհը կբացվի, եւ մեր գյուղացին արդեն իր արտադրած ոչխարը կարող է արտահանել Իրան», - ասաց նա:

Երեւանյան շուկաների մսավաճառների խոսքով, ոչխարի ու գառան մսի թանկացումը (այսօր ոչխարի միսը վաճառվում է 2700-2800 դրամով) կապված է հենց արտահանման ծավալների մեծացման հետ:

Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետը վստահեցնում է, որ եթե Իրանը եւս մի քանի ամիս շարունակի Հայաստանից ոչխար չներկրել, ապա ոչխարի եւ գառան մսի գինը 2000 դրամից էլ կիջնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG