Մատչելիության հղումներ

logo-print

«Իսրայելը կարող է կորցնել Մերձավոր Արեւելքում իր միակ դաշնակցին՝ Թուրքիային», - երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

Շուրջ մեկ ժամ շարունակված զրույցի ընթացքում, պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, էրդողանը հերթական անգամ խստորեն քննադատել է Իսրայելի հարձակումը Գազայի հատված մարդասիրական օգնություն փոխադրող նավերի վրա, որի հետեւանքով զոհվեց 9 մարդ, 4-ը` թուրքեր։ Իսրայելի զինծառայողները գերի էին վերցրել նավերի անձնակազմին եւ որպես կամավոր Գազայի հատված մեկնողներին` հիմնականում Թուրքիայի քաղաքացիների։

«Իսրայելը պետք անհապաղ ազատ արձակի ձերբակալվածներին եւ վերացնի Գազայի հատվածի շրջափակումը», - ընդգծել է Թուրքիայի վարչապետը, ինչին ի պատասխան, ըստ Թուրքիայի հանրային հեռուստաընկերության, նախագահ Բարաք Օբաման ասել է. - «Միացյալ Նահանգները ակտիվ ջանքեր է գործադրում խնդիրը միջազգային իրավունքի նորմերին եւ Թուրքիայի ակնկալիքներին համապատասխան կարգավորելու ուղղությամբ»։

Ավելի վաղ պաշտոնական Անկարան քննադատել էր Վաշինգտոնի` իր բնորոշմամբ «ոչ բավարար» արձագանքը Իսրայելի գործողություններին եւ պահանջել հստակորեն դատապարտել արյունալի միջադեպը։ Վաշինգտոնը, որը երկու ռազմավարական դաշնակիցների բախման արդյունքում հայտնվել է բավական ծանր կացության մեջ, մինչ այժմ փորձում է խուսափել կոշտ հայտարարություններից` փոխարենը պահանջելով կատարվածի բազմակողմանի եւ թափանցիկ քննություն։

«Ե'վ Թուրքիան, ե'ւ Իսրայելը Միացյալ Նահանգների լավ բարեկամներն են, եւ մենք փորձում ենք աշխատել երկու կողմերի հետ այս ողբերգական միջադեպի հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետաքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ընդգծել, - «Պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է պաշտպանել կատարվածի շուրջ անաչառ, վստահելի եւ թափանցիկ քննություն անցկացնելու` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջը»։

Մինչդեռ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեքշաբթի օրը Վաշինգտոնում նկատել էր. - «Այն, ինչ տեղի ունեցավ, հանցագործություն էր, ինչն ակնհայտ է` առանց ավելորդ հետաքննության։ Սա ոչ թե ընտրություն է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, այլ` ճշտի եւ սխալի»։

Միջադեպի շուրջ չորեքշաբթի օրը հատուկ բանաձեւ է ընդունել նաեւ Թուրքիայի խորհրդարանը` կոչ անելով կառավարությանը վերանայել Իսրայելի հետ քաղաքական, ռազմական ու տնտեսական հարաբերությունները։

«Իսրայելի իշխանությունները պետք է պաշտոնապես ներողություն խնդրեն հարձակման համար եւ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին», - պահանջում է թուրք պատգամավորների կողմից միաձայն ընդունված բանաձեւը։ - «Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները չեն բարելավվի, քանի դեռ Գազայի հատվածի շրջափակումը չի վերացել, եւ հայրենիք չեն վերադարձել ձերբակալված Թուրքիայի քաղաքացիները»։

Իսրայելը չորեքշաբթի առավոտից արդեն սկսել է ազատ արձակել ու վտարել մարդասիրական օգնություն տրամադրող նավերի ուղեւորներին, այդ թվում` ավելի քան 200 թուրքերին։

Որոշ իսրայելական պարբերականների հաղորդմամբ` պաշտոնական Թել Ավիվը ետ է կանչել Թուրքիայից իր դիվանագիտական կորպուսի երկրորդական կազմին։

«Երբեմնի ռազմավարական դաշնակիցների հարաբերությունները հայտնվել են անորոշ վիճակում», - գրել է Jerusalem Post-ը` փաստելով, որ հարաբերությունների վատթարացումը սկսվել է դեռեւս 2007-ից, երբ Թուրքիան որոշեց աջակցել Համասի բռնի գործողությունները Գազայի հատվածում։

Երկկողմ հարաբերությունների վատթարացմանը նպաստող գործոնների շարքում հրեա վերլուծաբանները մատնանշում են նաեւ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրված բանաձեւը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ, փաստելով, որ այդ փաստաթղթի ընդունման ժամանակ Իսրայելը իր լոբբին չի ծառայեցրել Թուրքիայի շահերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG