Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը բժշկության ամենաշահութաբեր ճյուղերից է: Պարզվում է, որ հայերը միայն քիթը փոքրացնելու համար չէ, որ դիմում են մասնագետների օգնությանը: Կան մարդիկ, որ նրանց դիմում են քթերը մեծացնելու խնդրանքով:

Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի վարիչ Կարեն Դանիելյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ քիթը մեծացնելու խնդրանքով դիմողների երկու խումբ կա. առաջինը խմբում հիմնականում այն մարդիկ են, որոնց քթերին հետվիրահատական շտկումներ են անհրաժեշտ, իսկ երկրորդ խմբում այն հայերն են, որոնց քթերը ի ծնե փոքր են:

«Քթերը մեծացնելու համար հիմնականում տեղադրվում է ոսկոր կամ աճառ` այսպես կոչված կռճիկ», - բացատրեց վիրաբույժը:

Այդուհանդերձ, Հայաստանում հիմնականում մարդիկ մասնագետներին դիմում են քիթը փոքրացնելու խնդրանքով: Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը ասում է, որ 2008-ի համեմատ` 2009-ին քթի պլաստիկ վիրաբուժության դիմողների թիվը 3 անգամ ավելացել է: Վիրահատություններից ամենտարածվածը քթի ձեւոփոխումն է, որը վերաբերում է եւ՛ կանանց, եւ՛ տղամարդկանց: Հիթ շքերթի երկրորդ տեղում կանանց մոտ կրծքերի մեծացումն է, իսկ տղամարդկանց մոտ` որովայնի շրջանի ճարպազատումը:

Արմեն Հովհաննիսյանը ասաց, որ հաճախորդը երբեմն ուզում է վիրահատության արդյունքում նմանվել հայտնի աստղերին, օրինակ` Ջենիֆեր Լոպեսին կամ Բրիթնի Սփիրսին: Չցանկանալով նշել գները` պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ ամենաթանկ պլաստիկ վիրահատությունը կրծքերի մեծացումն է:

Նունե Եսայան
Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը պատմեց, որ հաճախ պլաստիկ վիրաբուժության են դիմում երգիչ- երգչուհիները` մեծամասամբ շրթունքները մեծացնելու խնդրանքով: Այս կարծիքը, սակայն չի կիսում երգչուհի Նունե Եսայանը: - «Գուցե քթի վիրահատությունը տարածված է, իսկ մարմնի մյուս մասերի վիրահատությունների մասին չեմ լսել եւ չեմ էլ նկատել իմ գործընկերների շրջանում», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց երգչուհին:

Նունե Եսայանի կարծիքով` պլաստիկ վիրաբուժությունից հետո մարդը արհեստական տեսք է ստանում եւ անձամբ չի պատրաստվում այդ քայլին դիմել:

Խոսելով դժբախտ պատահարներից` բժիշկները ասացին, որ վերջերս քթի վիրահատության ժամանակ մարդ է մահացել: - «Պլաստիկ վիրաբուժությունը նույնպես վիրաբուժություն է իր բոլոր օրենքներով, որոնք ոչ մի դեպքում խախտել չի կարելի», - հիշեցնում են բժիշկներն ու նաեւ զգուշացնում, որ պլաստիկ վիրահատությունից հետո մարդու քիթը միայն առաջին մի քանի տարին է պահպանում հետվիրահատական տեսքը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG