Մատչելիության հղումներ

Անցած ամիս Մոսկվա կինոթատրոն այցելած ամբողջ հանդիսատեսի 92 տոկոսը գնացել է դիտելու «Արարատից Սիոն» ֆիլմը: Այսպիսի թվեր են հրապարակում ֆիլմի հեղինակները` ամփոփելով հայաստանյան ցուցադրության արդյունքները:

Միացյալ թագավորությունում Swansea Bay կինոփառատոնում «Արարատից Սիոն»-ին շնորհվել է «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը, այն ընդգրկվել է Globians World and Culture Documentary գերմանական կինոփառատոնի ֆիլմերի ընտրացանկում, Մոսկվայի «Վավերագրական ֆիլմեր» անվանացանկում ` որպես աշխարհում ճանաչման արժանացած ժապավեն:

Ֆիլմի հաջողությունը սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Մեսրոպ քահանա Արամյանը կապում է ոչ միայն նրա բովանդակության, այլեւ հաջողված գովազդի հետ: - «Մենք ցույց տվեցինք, թե ինչպես պետք է վերաբերվել ֆիլմին. տիտանական աշխատանք է կատարվել «Արարատից Սիոն»-ը ճիշտ մատուցելու համար», - նշեց նա:

Ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը որպես գլխավոր ձեռքբերում համարում է հայկական արտադրության մասին կարծրատիպի կոտրումը: Նրա կարծիքով` ֆիլմը ապացուցեց, որ հայ հանդիսատեսը պատրաստ է եւ ուզում է որակյալ արտադրանք տեսնել էկրաններին:

«Արարատից Սիոն» ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը խոստովանում են, որ իրենց աշխատանքը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Ինչ վերաբերում է ծախսերին, դեռ վստահ չեն` կկարողանան մինչեւ տարեվերջ փոխհատուցել դրանք, թե ոչ:

«Հայաստանում մոտ 50.000-60.000 դոլար բյուջե ունեցող ֆիլմը կարող է իր ծասխերը հետ բերել, ինչը մի լավ տեսահոլովակի գումար է միայն, եւ դրանով որեւէ լուրջ ֆիլմ անել հնարավոր չէ», - բացատրեց Էդգար Բաղդասարյանը:

XS
SM
MD
LG