Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց զոհված զինծառայողի իրավահաջորդների բողոքը


Անվտանգության ծառայությունների եւ ընդդիմադիրների առճակատումը Երեւանում, արխիվ, 1-ը մարտի, 2008թ.

Անվտանգության ծառայությունների եւ ընդդիմադիրների առճակատումը Երեւանում, արխիվ, 1-ը մարտի, 2008թ.

Չորեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստում մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի իրավահաջորդների բողոքը մերժելու մասին դատավճիռը դատական նիստին ներկաները բողոքարկեցին «Կեցցե արդարությունը» բացականչությամբ եւ ծափերով։

Մինչ ներկաները այսպիսի միջոցներով արտահայտում էին իրենց վրդովմունքը, դատավոր Գագիկ Խանդանյանը հեռացավ։

Զոհված զինծառայողի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, հարց ուղղեց դատախազ Հարություն Հարությունյանին։ - «Ի՞նչ եք արել մինչեւ հիմա, որ ես անհիմն ձեզ մեղադրում եմ», - հարցնում էր զոհվածի մայրը. - «Իմ տղայի սպանողը գտնվե՞լ է, որ ես անհիմն եմ բողոքում, մինչեւ հիմա մի բարձրաստիճան հրամանատար ձեզ պատասխան տվե՞լ է իմ երեխայի սպանության համար»։

Դատախազը խորհուրդ տվեց դիմել քննչական մարմնին ու հեռացավ։

Զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008 թվականի մարտի 1-ին Գրիգոր Լուսավորիչ փողոցում ծառայություն իրականացնելիս պարանոցի շրջանում ստացել էր միջանցիկ հրազենային վնասվածք, տեղափոխվել հիվանդանոց եւ ապրիլի 11-ին մահացել։ Քննությունը մինչեւ հիմա չի պարզել ո՞վ եւ ի՞նչ հանգամանքներում է կատարել սպանությունը:

Նախաքննական մարմնի անգործությունը վերացնելու պահանջով բողոքի մերժման որոշման մեջ դատարանը նշում է, որ պահանջը դատական վերահսկողության ոլորտից դուրս է։ Տիգրան Աբգարյանի իրավահաջորդները նաեւ դատարանից պահանջել էին ճանաչել վերջինիս կյանքի իրավունքի խախտման փաստը։ Այս մասով դատարանը որոշել է բողոքը վերադարձնել` թողնելով առանց քննության։

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 24-ին մերժել էր նաեւ մարտիմեկյան իրադարձություններում զոհված Գրիգոր Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի եւ Սամվել Հարությունյանի իրավահաջորդների բողոքը` սպանության հանգամանքների բացահայտման հարցում Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության անգործության դեմ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG