Մատչելիության հղումներ

Բարձրացվելու են մրցակցային օրենսդրության խախտումների տուգանքները


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը (ձախից) եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպմանը: 2-ը հունիսի, 2010թ.:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը (ձախից) եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպմանը: 2-ը հունիսի, 2010թ.:

Մրցակցային միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակներում առաջիկայում էականորեն բարձրացվելու է մրցակցային օրենսդրությունը խախտողներից գանձվող տուգանքների չափը։

Այս հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկած Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, սակայն, չհստակեցնեց, թե նոր օրենքը տուգանքի ինչ չափ է նախատեսելու մոնոպոլ դիրքը չարաշահողների համար։

Հարկ է նշել, որ ընթացիկ օրենսդրությունը, մասնավորապես, անբարեխիղճ մրցակցության համար նախատեսում է 500 000 դրամի չափով տուգանք, իսկ գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության համար տնտեսվարողը կարող է տուգանվել առավելագույնը նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով։

Շաբոյանը, այդուհանդերձ, իբրեւ համեմատության եզր, վկայաբերեց այլ երկրների փորձը` խոսելով 10 տոկոսի հասնող տուգանքների մասին։

Նոր օրինագիծը, որն այժմ Համաշխարհային բանկի փորձագետների օժանդակությամբ մշակվում է, արդեն առաջիկա հուլիսի 15-ից հետո դրվելու է շրջանառության մեջ։

Այսօր Երեւանում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը ստորագրեցին փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր, որը, մասնավորապես, նպատակ ունի խթանել Հայաստանի ինտեգրման գործընթացը մրցակցության միջազգային կառույցներին։

Ստորագրման արարողությունից հետո դեսպան Կապինոսը եւս անդրադարձավ տուգանքների փոփոխմանը` նշելով, թե դա շատ նուրբ խնդիր է. - «Չարաշահողների տուգանքների չափը տարբեր երկրներում տարբեր է, եւ այս պարագայում հարկ է գտնել ոսկե միջինը։ Շատ փոքր տուգանքները բացարձակապես արդյունավետ չեն, իսկ շատ մեծ տուգանքները կարող են հանգեցնել բացասական հետեւանքների»։

Կապինոսի ամփոփմամբ, հարկ է գիտակցել, որ տուգանքները հակամրցակցային պայքարի գործիքներից մեկն է միայն։ Որպեսզի այդ քաղաքականությունն արդյունավետ լինի, դրանք պետք է զուգակցել այլ գործիքների հետ։ Ըստ այդմ, հարկ է ընդհանուր առմամբ բարելավել մրցակցային միջավայրը, իսկ դրա համար կենսականորեն կարեւոր է դատական համակարգի բարելավումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG