Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել Անի Գեւորգյանին


«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյան, Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյան, Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի

Հայաստանյան առաջատար լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են դադարեցնել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ պատժել իրենց լիազորությունները գերազանցած ոստիկաններին։

Անի Գեւորգյանը, նրա եղբայրը` Սարգիս Գեւորգյանը եւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը ձերբակալվել են երկուշաբթի ուշ երեկոյան Ազատության հրապարակի շրջակայքից, երբ ոստիկանությունը մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների արգելում էր մտնել հրապարակ։ Անի Գեւորգյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի կասկածանքով` Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուս»-ը ու եւս 5 լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպություններ երեքշաբթի երեկոյան տարածած հայտարարության մեջ տարակուսանք են հայտնում, թե ինչպե՞ս կարող էր 23-ամյա աղջիկը բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ։

Նշված կազմակերպությունները անընդունելի են համարում լրագրողների դեմ կիրառվող բռնի մեթոդները: Հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ մայիսի 31-ին բերման ենթարկված «Հայկական ժամանակ»-ի թղթակից Սյուզան Պողոսյանի եւ «Հայք» թերթի լրագրող Լիլիթ Թադեւոսյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստերին:

Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով մայիսի 31-ից անազատության մեջ գտնվող Անի Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդմանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, մասնավորապես, ասաց. - «Ըստ մեր գործընկերների տվյալների՝ ձերբակալությունը հիմնավորված չէր։ Լրագրողների նկատմամբ այդ կարգի վերաբերմունք մեր մոտ որպես ավանդույթ է ձեւավորվել»։

Նոր կասկածա՞նք


Անի Գեւորգյանին ոստիկանություն բերման ենթարկելու 72 ժամը լրանում է վաղը, ոստիկանությունը դեռեւս մեղադրանք չի առաջադրել, բայց նրա պաշտպան Լուսինե Սահակյանի փոխանցմամբ, փորձ է արվել Անիին հարցաքննել նոր կասկածանքով՝ իբր ֆոտոխցիկով ոստիկանին հարվածելու առնչությամբ։

«Երեկ նախաքննական մարմինը հայտնել էր, թե նա [Անի Գեւորգյանը] ոմն Համբարձում Բոքսյանի դեմքին հարվածել է ձեռքով՝ պատճառելով ֆիզիկական ցավ», - ոստիկանության նախորդ կասկածանքը հիշեցրեց պաշտպանը։ - «Փաստորեն կասկածանքը այս անգամ արդեն մեկ այլ ոստիկանի միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելն էր։ Ընդամենը մեզ մնում է ցավել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում մեկ ոստիկան չէ, որ պատրաստ է պնդելու, թե 22-ամյա աղջիկը իրեն մարմնական վնասվածք է պատճառել»։

Այսօր քրեական գործը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ, կատարվում է նախաքննություն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարվեց պատասխանել հարցին, թե կոնկրետ որ ոստիկանի նկատմամբ է բռնություն գործադրել Անի Գեւորգյանը, իսկ Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, մեր գրավոր հարցերին կպատասխանեն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից եւ որոշակի քննչական գործողություններից հետո։
XS
SM
MD
LG