Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Հենց ադրբեջանական դրոշի պարտադրումը Ղարաբաղին հակամարտության պատճառ հանդիսացավ»


Հենց ադրբեջանական դրոշի բռնի պարտադրումը Ղարաբաղին հետագա հակամարտության պատճառ հանդիսացավ, - այսպես է արձագանքել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ադրբեջանցի պաշտոնակցի` նախորդ շաբաթ արած հայտարարությանը, թե Ղարաբաղյան գործընթացի ավարտական փուլում «ադրբեջանական դրոշը ծածանվելու է Խանքենդիում»:

Կանադա կատարած այցի շրջանակներում Քարլթոն համալսարանում երեկ հանդես գալով Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ` Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Ուժի օգտագործումը կամ դրա սպառնալիքը չպետք է օգտագործվեն որպես բանակցությունների խաղաթուղթ: Ադրբեջանի ղեկավարության կողմից սուր ճոճելը, ռազմատենչ հայտարարությունները, ազգային թշնամանք սերմանող հռետորաբանությունը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում են, այլեւ բացահայտ հակասում են իբրեւ ապագայում Լեռնային Ղարաբաղի բնակչության բարեկեցությունը ապահովելու մտադրության մասին Ադրբեջանի կեղծ խոստումներին: Ինչ աստիճանի ցինիզմ պետք է ունենալ` խոստանալ հոգալ մեկի մասին` միաժամանակ սպառնալով սպանել նրան, եթե չհնազանդվի»:

«Հնարավոր չէ հիմնախնդիրը լուծել` առաջարկելով հակամարտության պատճառը` որպես կարգավորման մեխանիզմ: Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը պատրանք ունի, թե Ադրբեջանի դրոշի ծածանումը Ստեփանակերտում կմարմնավորի հիմնախնդրի կարգավորումը: Իրականում` Ստալինի կողմից 1921 թվականին հենց այդ դրոշի բռնի պարտադրումը Արցախին հետագա հակամարտության պատճառ հանդիսացավ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` երեքշաբթի օրը Օտտավայում կայացել է նաեւ Կանադայի արտգործնախարար Լոուրենս Քենոնի հետ Էդվարդ Նալբանդյանի բանակցությունների երկրորդ փուլը: Նալբանդյանը Քենոնին տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններում Կանադայի թեկնածությանը սատարելու Հայաստանի որոշման մասին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաեւ Կանադայի գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Գերի Գուդյերի հետ, ներկա է գտնվել Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նիստին, ապա ավարտելով այցելությունը` ուղեւորվել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG