Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Թուրքիան փորձում է ներխուժել մի ոլորտ, որտեղ անելիք չունի»


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Դոնի Ռոստովի հայ համայնքի հետ հանդիպմանը, 1-ը հունիսի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Դոնի Ռոստովի հայ համայնքի հետ հանդիպմանը, 1-ը հունիսի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

«Թուրքիան փորձում է ներխուժել մի ոլորտ, որտեղ ակնհայտորեն անելիք չունի», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը Դոնի Ռոստովում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

«Դուք իհարկե տեղյակ եք, որ մենք սառեցրել ենք հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը։ Դրա հիմնական պատճառը շատ պարզ է. Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները։ Դրա տապալումն արդարացնելու նպատակով նա նորանոր նախապայմաններ է առաջ քաշում։ Ավելին` նա փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ Արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Ոչ հուսալի եւ անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք։ Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան», - հայտարարել է նախագահը:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որեւէ մեկի հետ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին` նախագահը ասել է, որ դրանք ամուր հիմքերի վրա են, եւ համոզմունք է հայտնել, որ այդպես էլ շարունակվելու է:

«Կա փայլուն բարեկամություն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ։ Ավելին` կա փոխըմբռնման եւ փոխվստահության այնպիսի աստիճան, որը կարող է օրինակ դառնալ շատերի համար», - Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG